Մեկնաբանություն

21.10.2013 23:00


Կո՛ւժ, քեզ ասում եմ, կուլա՛, դու լսիր

Կո՛ւժ, քեզ ասում եմ, կուլա՛, դու լսիր

Հանրապետության վաստակավոր «ԱԽՔ»–ը մազոխիստական էքստազի մեջ է ընկել Գագիկ Ծառուկյանից մի քանի «քաղցր» խոսք լսելուց հետո։

Ակնհայտ է, որ ԲՀԿ ղեկավարից հիշոցների արժանանալը մեծ բավականություն է պատճառել Արթուր Բաղդասարյանին, քանզի այդպիսով հնարավորություն է ստեղծվել լրատվական դաշտում սեփական անունը տեսնել Ծառուկյանի անվան հետ նույն նախադասության մեջ։

Բացի այդ, Ծառուկյանից ստացած գնահատականները Արթուր Բաղդասարյանի համար նոր հնարավորությունների դուռ են բացում և նրան Սերժ Սարգսյանի համար դարձնում պիտանելիության ժամկետը վաղուց սպառած ապրանքից ժամանակավոր օգտագործման գործիք։ Իսկ դա նշանակում է, որ ՕԵԿ–ի ղեկավարը կրկին կարող է գին ստանալ օգտագործվելու դիմաց, իսկ այդ հանգամանքը չի կարող էքստազի մեջ չգցել նրան։

Ոչ պակաս էքստազի մեջ են հայտնվել նաև «անկախ» լրատվամիջոցները և վաղուց մոռացված «ֆեյքերը», որոնք հարկադիր պարապուրդի էին մատնվել Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական սալտոների արդյունքում։ Այժմ էժանագին տեքստեր գրելու հնարավորություն կա, ինչն էլ անսահման ուրախություն է պարգևել պալատական գրչակներին։

Բաղրամյան 26–ից հիմա փորձում են իրենց լրատվամիջոցներով այնպես ներկայացնել, կարծես Ծառուկյանը կոնֆլիկտի մեջ է մտել Բաղդասարյանի հետ, և ահա Սերժ Սարգսյանը պետք է որպես արբիտր կարգավորի ծագած խնդիրը։ Իրականությունը, սակայն, այլ է։ Սերժը ցանկալին իրականության հետ է շփոթել։

Քաղաքական ենթատեքստ ունեցող մարզական ոլորտում ծագած խնդրի կողմերն են Օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանը մի կողմից և Արթուր Բաղդասարյան–Սերժ Սարգսյան–Յուրիկ Վարդանյան եռյակը՝ մյուս կողմից։

ԱԽՔ–ին տվյալ դեպքում վերապահված է թնդանոթի մսի և «խուրդվող» մատերիալի ֆունկցիան։

Օդանավակայանում հնչեցված ծառուկյանական քաղցր ու դառը խոսքերը, հետևաբար, կարելի է համարել ուղղված ոչ միայն ու ոչ այնքան Արթուրին, որքան նրան օգտագործողներին։ Այսինքն, գործ ունենք «Կո՛ւժ, քեզ ասում եմ, կուլա՛, դու լսիր» տարբերակի հետ։

Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր ոճին հավատարիմ, թաքնվի սրա կամ նրա հետևում (այս անգամ՝ ԱԽՔ–ի), ու փորձի այլոց միջոցով կռիվ տալ, միևնույն է, ականջները թաքցնել չի հաջողվում։

Իսկ դա նշանակում է, որ ԲՀԿ–ի պատասխանը պետք է լինի քաղաքական ու թիրախային։ Արթուրն իրենը ստացել է օդանավակայանում։ Հերթը մյուսներինն է։ Վաղուց ժամանակն է բոլոր ռենեգատներին, իրենց «պապայի» հետ միասին, Գյուլիստան ուղարկել։

Հայաստանն ու Ղարաբաղը խաղատանը տանուլ տված Սերժ Սարգսյանին ձեռնտու է, որպեսզի ներքին կյանքում ամեն ինչ վերածվի «բալագանի»։ Նրան պետք է զրկել այդ հնարավորությունից։

Մեծ հաշվով տարբերություն չկա Արթուր Բաղդասարյանի ու Սերժ Սարգսյանի միջև։ Պարզապես նրանցից մեկը, հանգամանքների բերումով, հայտնվել է նախագահի աթոռին ու մյուսին դարձրել իր «ԱԽՔ»–ը։ Կարող էր նաև հակառակ սցենարը լինել։ Չէ՛, սխալվում եմ։ Չէ՛ր կարող։ Քանզի Արթուրը Սերժին պաշտոն չէր տա։ Հակառակը՝ կնստացներ նրան, որպեսզի մաքրեր իր անցյալի հետքերը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը