Մեկնաբանություն

21.10.2013 19:25


«Արևմտամետներն» ու «ռուսամետներն» ընդդեմ Հայաստանի ու Ղարաբաղի

«Արևմտամետներն» ու «ռուսամետներն» ընդդեմ Հայաստանի ու Ղարաբաղի

Միակ բանը, որը հաջողվել է Սերժ Սարգսյանին՝ դա բոլոր առումներով ձախողված վարչապետ Տիգրան Սարգսյանի միջոցով պետբյուջեն ատկատահան անելը և քաղաքական ու լրատվական դաշտում հաճախորդների հսկայական բանակ ստեղծելն է։

Արդեն շատերի համար է տեսանելի, որ բացառապես «մուտիլովկաների» և ինտրիգիների միջոցով կառավարող այս վարչախումբը հանուն աթոռի ու վերարտադրման խաղասեղանին է դրել Հայաստանն ու Ղարաբաղը։

ԵՄ–ի հետ ասոցացման փուլում ակտիվ էին Սերժ Սարգսյանի «արևմտամետ» փաստաբանները՝ Իգոր Մուրադյանը, Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը և այլք։ Որդեգրվել էր «Իշխանության պահպանում՝ ԵՄ–ի հետ ասոցացման ու Ղարաբաղի հանձնման գնով» գաղափարը։

Բավական ակտիվ «եվրոպացի» էր դարձել Տիգրան Սարգսյանը, ով, սակայն, սեպտեմբերի 3–ից հետո դարձավ մոլի ռուսամետ ու Մաքսային միության ջատագով։

Սերժ Սարգսյանն այժմ գործի է դրել արդեն իր «ռուսամետ» հաճախորդներին՝ Զորի Բալայանին, հնամաշ «մտավորականներին» և հաստիքային անմեղսունակներին և նրանց շուրթերով անսահմանորեն քծնում է Պուտինին։ Բայց դա, ինչպես ասում են, կես դժբախտությունն է։

Ուր էր, թե բանը միայն Զորի Գայկովիչի նամակի շրջանակներում Պուտինին քծնելով ավարտվեր։

Դատելով ամենից՝ Զորիի նամակում գրվածը Սերժ Սարգսյանի հերթական «նախաձեռնողականությունն» է, որի շրջանակներում Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացից դուրս է թողնվում Հայաստանը։

Գյուլիստանի պայմանագրի մասին հիշեցնելով և ՌԴ–ին Կովկասի «պապա» հռչակելով՝ Սերժ Սարգսյանը, փաստացի, հայտարարում է, որ Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ–ն ու Ֆրանսիան պետք է միայն Ռուսաստանի հետ հարցը քննարկեն։ Սերժի թիմակից և ՊՆ վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Քոթանջյանի ակտիվությունը Զորիի նամակը ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների միջոցով Օբամային ու Օլանդին հանձնելու հարցում ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը հերթական անմեղսունակ և հակապետական քայլին է գնում։

Ու քանի որ Ադրբեջանը «գյուլիստանյան» մոտեցում չունի, ուստի ստացվում է, որ եռանախագահող երկրները պետք է միայն Ադրբեջանի հետ համաձայնեցնեն Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը, քանզի Սերժ Սարգսյանի «գերիմաստուն» և «կրեատիվ» մոտեցմամբ՝ Ղարաբաղի հարցը Ռուսաստանինն է, քանզի Ղարաբաղը դեռևս 200 տարի առաջ հավերժ ժամանակների համար ճանաչվել է որպես Ռուսաստանի մաս։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանն ու իր թիմը շատ ավելի խայտառակ ու հակապետական քաղաքական գիծ են տանում հիմա, քան արձանագրվել էր տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ։

Սարգսյանը, փաստորեն, Պուտինին առաջարկում է ռուսական գուբերնիա դարձնել Հայաստանն ու Ղարաբաղը՝ միայն թե գուբերնատորի դերում ինքը լինի։

ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածով նմանատիպ իրավիճակները կոնկրետ քաղաքական ու իրավական լուծում ունեն։ Մնում է միայն անհրաժեշտ կոնսոլիդացիան ապահովել, այլապես 21–րդ դարում կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ նախորդ դարի 20–ականներին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը