Լրահոս

21.10.2013 14:46


Նաիրա Զոհրաբյան. «Չկա՛ որևէ պաշտոնյա, որ համարձակություն ունենա Գագիկ Ծառուկյանի հետ խոսելիս անգամ ինտոնացիան բարձրացնել»

Նաիրա Զոհրաբյան. «Չկա՛ որևէ պաշտոնյա, որ համարձակություն ունենա Գագիկ Ծառուկյանի հետ խոսելիս անգամ ինտոնացիան բարձրացնել»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ

–Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել օդանավակայանում։ Որոշ լրատվամիջոցներ գրել են, թե այնտեղ Անվտանգության խորհրդի անդամներ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը վիճել են, և բանը նույնիսկ բռունցքներին է հասել։

–Ես չեմ կարող ասել՝ օդանավակայանում ինչ է տեղի ունեցել, և, ընդհանրապես, ինչ–որ բան տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ, բայց այն, ինչ կարդում եմ որոշ քաղաքական ուժերին սպասարկող լրատվամիջոցներում, ուղղակի կատարյալ զավեշտ է։ Այս դեպքում մեկ բան է մնում ասել՝ կարդացե՛ք Կրիլով։ Նա բազմաթիվ հայտնի առակներ ունի քաղաքական զրոների մասին, որոնք իրենց ստատուսը, այդ թվում՝ քաղաքական ստատուսը, բարձրացնելու համար փորձում են իրենց անձի շուրջ այսպիսի «հերոսական» ապատեղեկատվություն տարածել։ Մեկ բան հստակ է՝ Հայաստանում չկա՛ և չի՛ կարող լինել որևէ պաշտոնյա, անկախ իր զբաղեցրած դիրքից, որ համարձակություն ունենա Գագիկ Ծառուկյանի հետ խոսելիս անգամ ինտոնացիան բարձրացնել։ Ուստի, այս ամենը, բնականաբար, կատարյալ անհեթեթությո՛ւն է, քաղաքական զրոների կշիռը բարձրացնելու հերթական ապատեղեկատվությունը։

–Այս լրատվամիջոցները գրել էին նաև՝ Գագիկ Ծառուկյանը վիրավորվել է, որ առանց իր գիտության՝ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է նշանակվել Արթուր Բաղդասարյանը։

–Կա հստակ կանոնադրություն, և կարծում եմ՝ խնդիրը կկարգավորվի օրենքի և կանոնադրության շրջանակներում։

–Բայց հնարավո՞ր է, որ Գագիկ Ծառուկյանը նեղսրտած լիներ (ինչպես եզրակացրել էին որոշ լրատվամիջոցներ), որ այդ մի ոլորտն իր վերահսկողությունից դուրս է եկել։

–Որևէ ոլորտ, որը գտնվում է պարոն Ծառուկյանի վերահսկողության տակ, նրա վերահսկողությունից դուրս չի եկել, և դուրս չի՛ գալու, ինչքան էլ որոշ գործիչներ, պաշտոնյաներ փորձեն իրենց քիթը խոթել այն ոլորտներում, որոնք չեն գտնվում օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում։

–Վերջերս նաև տեղեկություն տարածվեց, որ սպորտի նախարար Յուրի Վարդանյանին են այցելել հանցավոր աշխարհի մի քանի հեղինակություններ նրա կողմից «քցված» մի մեծ խումբ մարդկանց գումարները ստանալու նպատակով։ Սա՞ ինչպես կմեկնաբանեք։

–Ես էլ եմ մամուլից ծանոթացել այդ տեղեկությանը, և եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա այստեղ մտածելու խնդիր ունեն նրանք, ովքեր այսպիսի պերսոնաժների նշանակում են նման բարձր պաշտոնների։

–Կառավարությունը շարունակ մերժում է ԲՀԿ–ի օրինագծերը։ Այսօր ևս տեսանք, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց։ Սա՞ ինչով եք բացատրում։

–Սա հստակ քաղաքական դիրքորոշում է «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ, և երբ կարդում ես մերժման հիմնավորումները, տպավորությունն էնպես է, որ օրենքից օրենք քոփի փեյսթ են անում իրենց մերժումները՝ ոչինչ չասող նույն ձևակերպմամբ, նույն բառակապակցություններով։ Եվ որևէ լուրջ հիմնավորում չկա, թե ինչու է այս կամ այն նախագիծը մերժվել։ Սա հստակ դիրքորոշում է ԲՀԿ–ի հանդեպ, հստակ քաղաքական մոտիվացիա։

–Բայց ո՞րն է այդ քաղաքականության նպատակը։

–Այսպես ասեմ։ Եթե իրենց թվում է, որ այս վերաբերմունքը թևաթափ է անելու մեզ, և չենք շարունակելու աշխատել ու ներկայացնել նախագծեր, որոնք բխում են ժողովրդի շահից, ապա իրենց հաշվարկներն ուղղակիորեն սխալ են։ Մենք ներկայացնելու ենք ամեն օր և ամեն օր հանրության հետ հանդիպման ժամանակ ասելո՛ւ ենք, թե ինչու և ինչ պատճառով է կառավարությունը և նրան կից խորհրդարանական մեծամասնությունը մերժում մեր նախագծերը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը