Քաղաքական

21.10.2013 12:02


PFA. «Հայաստանում հանրային քաղաքականությունը մշակվում է կոռումպացված էլիտայի շահերը սպասարկելու համար»

PFA. «Հայաստանում հանրային քաղաքականությունը մշակվում է կոռումպացված էլիտայի շահերը սպասարկելու համար»

Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում» վերտառությամբ։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում հանրային քաղաքականությունը մշակվում և իրականացվում է հիմնականում ամուր արմատներ ձգած կոռումպացված էլիտայի, այլ ոչ թե քաղաքացիների շահերը սպասարկելու համար։ Ընդհանուր կոռուպցիայի և կաշառակերության մակարդակն առավելագույնս ճշգրիտ չափելու համար խումբն ուսումնասիրել է Հայաստանի տնտեսության և հանրային կյանքի տարբեր ոլորտներ՝ սկսած արդարադատությունից ու ռազմական ոլորտից մինչև մանրածախ կոռուպցիա։ Զեկույցում եզրակացվում է, որ կոռուպցիան Հայաստանում խիստ կենտրոնացված է, և ստեղծում է անհաղթահարելի արգելքներ երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի համար։

Զեկույցում, որպես ուղերձ, ասվում է. «Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների արդյունավետ հաղթահարումը պետք է սկսվի լեգիտիմ իշխանության ձևավորումից, որ կկարողանա ժողովրդի անունից նոր քաղաքական կուրս իրականացնել։ Այն կարող է իրականանալ միայն այնպիսի քաղաքական իշխանության դեպքում, որը կունենա կտրուկ համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կարողություն և դրդապատճառներ։ Ներկայումս Հայաստանի իշխանության և ժողովրդի միջև հետադարձ կապը խզված է»։

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն նշում է. «Ոմանք ասում են, որ Հայաստանը դատապարտված է տնտեսապես տապալվելուն իր աշխարհագրության և աշխարհում ունեցած դիրքի պատճառով։ Բայց աշխարհի ներկա և անցյալ շատ այլ երկրների նման դրա տապալումը պայմանավորված է կոռուպցիայով, անազնիվ քաղաքական գործիչներով և թույլ ինստիտուտներով։ Հայաստանի դժբախտությունների հիմքը ոչ թե հնարավորությունների սահմանափակությունն է, այլ վատնված հնարավորությունները, և այն կարող է առաջադիմել բացառապես այս փաստին դիմագրավելու և անհաջողությունների համար պատասխանատուներին հաշվետու դարձնելու միջոցով»։

Իր դիրքերին կառչած կոռումպացված էլիտայի բարեփոխման կամ այդ դիրքերը լքել ստիպելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության և Սփյուռքի աջակցությունը Հայաստանի ժողովրդին։ Երկրի ներսում անհրաժեշտ է վերնախավում իրենց դիրքերը չարաշահողներին պատժելու համար հավատ ներշնչող քայլեր ձեռնարկել։ Դրանցից կարող են լինել արդարադատության համակարգի բարեփոխումն ու գողացված ունեցվածքի վերադարձման մեխանիզմների մշակումն ու հաստատումը։

Այս խորագրի վերջին նյութերը