Լրահոս

18.10.2013 21:07


ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես

ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց ցուցահանդես, որը նվիրված է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին: Բացման հանդիսավոր արարողությանն ավելի քան 50 արվեստի գործեր ներկայացվեցին ՄԱԿ-ի գրասենյակ եկած հյուրերին:
Ցուցահանդեսը ներկայացնում էր հայ գեղարվեստի երեք սերունդների՝ Արա Բեքարյանի, Սեդա Բեքարյանի և Արփի Վարդանյանի արվեստի գործերը, որոնք գրավեցին երիտասարդության, արվեստագետների, միջազգային հանրության, քաղաքացիական ակտիվիստների, մամուլի և լայն հանրության ուշադրությունը:
Բան Կի Մունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, 2013թ. ՄԱԿ-ի օրվա իր ուղերձում ասաց. «Այս տարի ևս մենք շարունակում ենք ցույց տալ, թե ինչպիսի հավաքական գործողության ենք ընդունակ: Մենք կարող ենք նույնիսկ ավելին: Մի աշխարհում, որն ավելի կապակցված է, մենք պետք է լինենք էլ ավելի միասնական: ՄԱԿ-ի այս օրը եկեք երդվենք հասնել մեր հիմնարար գաղափարներին և աշխատել միասին՝ խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների համար»:
Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչը Հայաստանում ասաց. «Հայ արվեստի և դրա հարուստ ավանդույթների միջոցով մենք ցանկանում ենք հասարակության ուշադրությունը հրավիրել ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգում առկա հարցերին: ՄԱԿ-ի գրասենյակի դռները ավանդաբար բաց են հայ այն արվեստագետների առջև, ովքեր օգտագործում են իրենց ստեղծագործ միտքն ու տաղանդը՝ տարածելու ՄԱԿ-ի արժեքները՝ խաղաղությունը, կայուն զարգացումը, առողջ ապրելակերպը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ և ձգտումը Հազարամյակի զարգացման նպատակներին »:
Նկարիչ Սեդա Բեքարյանը նշեց. «Ես բարձր եմ գնահատում իմ արվեստը հանրության ուշադրությանը ներկայացնելու այս հնարավորությունը և կարևորում եմ այն վճռորոշ դերը, որ մենք՝ արվեստագետներս, խաղում ենք մեր հասարակության զարգացման գործում: Ինձ համար հատկապես մեծ պատիվ է նվիրել այս ցուցադրության բացումը ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին»:
Հոկտեմբերի 24-ը նշվում է որպես ՄԱԿ-ի օր 1948թ.-ից: 1971թ. ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից առաջարկվեց այդ օրը ՄԱԿ-ի անդամ երկրներում նշել որպես հանրային տոն:

Այս խորագրի վերջին նյութերը