Լրահոս

17.10.2013 16:54


Անցկացվում է ՀՄԿ հերթական աշխատաժողովը

Անցկացվում է ՀՄԿ հերթական աշխատաժողովը

Հոկտեմբերի 14-18-ը ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում անցկացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կողմից կազմակերպված ծագման երկրի հավաստագրման ընթացակարգերին առնչվող ազգային աշխատաժողով: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ սա, ըստ էության, վերջին` երրորդ բաղադրիչն է բյուջետային եկամուտների հավաքագրումների ավելացման ծրագրի, որոնցից նախորդները վերաբերում էին մաքսային արժեքի որոշմանը և հետբացթողումային հսկողության ժամանակակից ընթացակարգերին, Համաշխարհային մաքսային կազմակերպության ներդաշնակ համակարգին:

Համաշխարհային մաքսային կազմակերպության ծագման երկրի հավաստագրման հարցերով պատասխանատու Մետտե Ազզամը հնգօրյա դաընթացների ընթացքում կներկայացնի ծագման երկրի հավաստագրման ընթացակարգերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև կծանոթացնի այդ ոլորտի միջազգային փորձին: Ինչպես նշեց փորձագետը, աշխատաժողովի նպատակն է «մաքսային ծառայողներին և գործարարներին իրազեկել ծագման երկրի հավաստագրման միջազգային ընթացակարգերին, ինչն, իր հերթին, հնարավորություն կընձեռի լավագույն պայմաններով արտահանել ապրանքն ու նպաստավոր կլինի բիզնեսի և արտահանումների համար` խթանելով միջազգային շուկայում հայկական ապրանքների մրցակցայնության բարձացումը»:

Եվրոպական Միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արմեն Մելկիկյանի խոսքերով, «ՀՄԿ-ի և ՊԵԿ-ի կողմից իրականացվող և շարունակական բնույթ կրող այս աշխատաժողովի նպատակը բյուջեի եկամուտների ավելացման երրորդ բաղադրիչի` ծագման երկրի հավաստագրման ընթացակարգերի ճիշտ իրականացումն է, որը կխթանի արտահանող կազմակերպությունների կարողությունների բարձրացումը, ինչն էլ կնպաստի բյուջեի հավաքագրումների ավելացմանը»:
Ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը