Լրահոս

17.10.2013 10:45


Ոչ միայն «թիմային աշխատանքով» միլիոններ են գրպանել, այլ ցինիկաբար ոտնահարել են քաղաքացիների իրավունքները

Ոչ միայն «թիմային աշխատանքով» միլիոններ են գրպանել, այլ ցինիկաբար ոտնահարել են քաղաքացիների իրավունքները

Արթուր Բաղդասարյանի գրասենյակը վերստին պնդում է, որ ԱԽՔ-ը կապ չունի ոչ «Եվրոբիլդունգ» ՓԲԸ-ի եւ ոչ էլ «Եվրոբիլդունգ»-ի՝ ԳԱԼԱ-ի ներկայացրած հաջողակ գործարքի հետ, երբ 8 ամսվա ընթացքում 11 մլն-ով գնված գույքը վաճառվել է պետությանը 74 մլն-ով:

Մի կողմ թողնենք այն, որ ՕԵԿ ղեկավարի խոսնակը փաստերի եւ փաստաթղթերի լեզվով խոսելու փոխարեն սկսել է լրագրողին մեղադրել այն բանի համար, որ զուր տեղը այս պատմությունը փորձում է կապել ՕԵԿ-ի «անբասիր» անվան հետ, եւ անտեղի վարկաբեկում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին:

Նախ նշենք, որ վերջինիս անցած ճանապարհն ու կենսագրությունն ավելի խոսուն են, եւ ՕԵԿ առաջնորդին վարկաբեկելու կարիք այլեւս չկա:

Դարձյալ հարկ ենք համարում հիշեցնել՝ այս պատմության մեջ ներգրավված բոլոր անձինք ՕԵԿ-ական են: ՕԵԿ-ի մասնակցությունը բացառելուց առաջ հարկ է, որ նախ Արթուր Բաղդասարյանը պատասխանի, թե այդ ինչու՞ են իր կուսակիցներն այդքան շահագրգիռ այս պատմության մեջ, այն աստիճան, որ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչն օրինակ գումար է բաժանում, համոզում ու հորդորում մարդկանց լքել «ինչ-որ» «Եվրոբիլդունգ» կազմակերպության գնած տարածքը:

Բաղդասարյանի խոսնակը պարզաբանում է, որ Արթուր Բաղդասարյանը հանդիսանում է Եվրոպական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը, իսկ ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն էլ տեղակայված է Գյումրու վիճելի Ղուկասյան 30 հասցեում գտնվող շենքի տարածքում: Եվ ենթադրում են, որ կառույցների՝ միմյանց հարեւանությամբ գտնվելն է շփոթություն առաջացրել:

Եթե Բաղդասարյանը կապ չունի այս ամենի հետ, ապա ինչո՞ւ է Եվրոպական ակադեմիայի տնօրենը՝ դարձյալ ՕԵԿ-ական Հրաչ Մուրադյանը, հայտնվել այս պատմության կենտրոնում: Գուցե դարձյալ այն բանի համար, որ իրադարձությունները զարգացել են հարեւանությամբ եւ ՕԵԿ ներկայացուցիչները չե՞ն կարողացել անտարբեր նայել, թե ինչպես «Եվրոբիլդունգի» հիմնադրի ու ՕԵԿ-ական նախարար Արմեն Երիցյանի առքուվաճառքի արդյունքում անօգնական վիճակում են հայտնվել քաղաքացիներ:

Ավելին, Բաղդասարյանին պատկանող կառույցի տնօրենը՝ ՕԵԿ-ական Հրաչ Մուրադյանը, «չճանաչելով» «Եվրոբիլդունգից» որեւէ մեկին, 2011 թվականի դեկտեմբերի 15-ին (շենքի վաճառքից հետո) գրավոր համաձայնագիր է ստորագրում եւ խոստանում տարածք տրամադրել դրսում հայտնվող քաղաքացուն: Հիմա արդեն Հրաչ Մուրադյանը փոշմանել է, որ այս գործարքում ներգրավվել է եւ մեզ հորդորում է բոլոր հարցերը տալ իր ՕԵԿ-ական կոլեգային՝ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, ով եւ խնդրել է իրեն ստորագրել համաձայնագիր եւ տարածք խոստանալ:

Հովհաննես Մարգարյանը քաղաքացիներին միայն չի խնդրել, նա նաեւ գործել է... ավելի կոնկրետ՝ գումար է բաժանել... իր աշխատավարձից դժգոհող պատգամավոր Մարգարյանը, ինչու՞, եւ ու՞մ գումարներն է բաժանել, ինչու՞ է նա զբաղվել «Եվրոբիլդունգ»-ի շահերի սպասարկմամբ, ինչո՞ւ է նա հանձն առել ՕԵԿ ղեկավարի հետ առնչություն չունեցող կազմակերպության անունից 14 եւ 10.000 ԱՄՆ դոլար փոխանցել գնված տարածքի բնակիչներին, որ ազատեն տեղանքը:

«Եվրոբիլդունգի» գնած, այժմ ԱԻՆ-ին պատկանող շենքի նախկին բնակիչները հայտնում են, որ շենքն ազատելու դիմաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հ. Մարգարյանը ընտանիքներից մեկին 2011 թվականին տվել է 14.000 դոլար, մյուսին՝ 10.000 դոլար՝ խոստանալով հետո փոխանցել եւս 4000 ԱՄՆ դոլար: Անցել է 2 տարի, եւ պատգամավորը խոստումը չի կատարել, ճիշտ այնպես, ինչպես քաղաքացու հետ համաձայնագիր ստորագրած մյուս ՕԵԿ-ականները: Ասում են՝ որպես մտահոգ պատգամավոր է հայտնվել այս պատմության կենտրոնում: Քանի՞ մտահոգ պատգամավոր կարելի է գտնել, որոնք սեփական գրպանից պատրաստ կլինեն 24.000 ԱՄՆ դոլար նվիրաբերել հանուն մի խնդրի լուծման, որի հետ իրենք կապ չունեն: Իսկ եթե, այնուամենայնիվ, Հովհաննես Մարգարյանը որպես մտահոգ պատգամավոր այդքան գումար է տվել բնակիչներին, ապա հարց է առաջանում, որտեղի՞ց, սեփական գրպանի՞ց, թե՞…

Մանրամասները՝ galatv.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը