Լրահոս

14.10.2013 15:26


Բակո Սահակյանն աշխատանքային այցով Բելգիայում է

Բակո Սահակյանն աշխատանքային այցով Բելգիայում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հոկտեմբերի 14-ին նախագահ Սահակյանը մասնակցել է նույն օրը Բրյուսելում մեկնարկած Եվրոպայի հայության 3-րդ համաժողովին:
Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանը նման միջոցառումները կարևոր է համարել ինչպես Եվրոպայում ապրող մեր հայրենակիցների և այստեղ գործող հայկական կազմակերպությունների համար, այնպես էլ հայրենիքի հետ կապերի շարունակական ամրապնդման ու խորացման տեսանկյունից:

Երկրի ղեկավարի խոսքով` Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում սփյուռքում գործող տարբեր կազմակերպությունների հետ փոխգործակցությանը, և այս համատեքստում առանձնակի կարևորում են եվրոպական ուղղության նշանակությունը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անընդհատ զարգացող և փոփոխվող աշխարհը թելադրում է համապատասխան շտկումներ մտցնել նաև սփյուռք-Արցախ համագործակցության մեջ` պահպանելով և էլ ավելի խորացնելով ձևավորված ավանդական փոխգործակցության տարրերը, միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով նոր ուղղություններին ու գաղափարներին:

Այս համատեքստում Բակո Սահակյանն առանձնացրել է սփյուռքի տարբեր կազմակերպությունների և Արցախի ու Հայաստանի շահագրգիռ կառույցների միջև համակարգված աշխատանքի իրականացումը ԼՂՀ միջազգային ճանաչման, երկկողմ հարաբերությունների հաստատման, Արցախն ավելի ճանաչելի դարձնելու, մեր երկիրը որպես անվտանգ և կայուն զարգացող պետություն ներկայացնելու, ներդրումների համար ամենագրավիչ ոլորտներն ու ծրագրերը պատշաճ կերպով մատուցելու և կեղծիքի ու ստի վրա հիմնված հակառակորդի կողմից տարվող սադրիչ քաղաքականությանն օպերատիվ արձագանքելու ուղղությունները:
Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը