Կարծիք

12.10.2013 00:15


Երբ քաղաքը դադարում է լինել հոգևոր տարածք

Երբ քաղաքը դադարում է լինել հոգևոր տարածք

Ինչպես հիմա է ամենուր նշված, այն ժամանակ էլ՝ 1970-ականների վերջին եւ 1980-ականներին՝ իմ սերնդի համար էլ Երեւանը հանդիսանում էր երկրի քաղաքական, վարչական, տնտեսական, մշակութային եւ գիտական կենտրոնը:

Սակայն, այն ժամանակ մենք Երեւանը ընկալում եւ ըմբռնում էինք բացառապես հոգեւոր-մշակութային-գիտական կենտրոն:

Այսինքն՝ ի տարբերություն այսօրվա, երբ Երեւանն ընդամենը ներկայանում է քաղաքական ու վարչական «դեմքով»՝ այն ժամանակ իմ սերնդի համար մայրաքաղաքն առավելապես հոգեւոր տարածք էր:

«Չկա մեկը, որ դուրս գա փողոց եւ փողոցը դառնա արժանապատիվ»,- մի առիթով նկատեց ժամանակին հայտնի ու սիրված, այսօր՝ մոռացված բանահավաք-մտավորականը:

Նրանց, ում այսօր բարկացնում է Երեւանի քաղաքաշինական բումը, հատվող ծառերն ու կանաչ տարածքների վերացումը, նրանք չեն գիտակցում ամենամեծ կորուստը, որ կրել է մեր մայրաքաղաքը:

Մարդիկ են պակասել, մարդիկ, չքացել են դեմքեր, որոնք իրենց ստեղծածով, կեցվածքով, վարքագծով հոգեւոր բավանդակություն էին հաղորդում քաղաքին:

Խոսքը Աստաֆյան փողոցում ճեմող Ներսիսյանի, Վաղարշյանի կամ Կոստան Զարյանի մասին չէ, հիշողություններ, որոնք կարդացել ենք գրքերում:

1970-80-ականներին էլ կային ՄԱՐԴԻԿ, ԴԵՄՔԵՐ, որոնց հանդիպում էիր փողոցում եւ իսկապես մեջովդ մի «հոգեւոր թրթիռ» էր անցնում, նրանց ներկայությունը քեզ ստիպում էր զգաստանալ, շփոթվել, ինչու չէ՝ հուզվել:

Գիտակցությունը, որ դու ապրում ես նրանց հետ կողք-կողքի՝ նույն քաղաքում, Երեւանն այլեւս քեզ համար սոսկ բնակավայր չէր: Այլ՝ հոգեւոր տարածք էր՝ թանձր, հագեցած զգացմունքներով լի մի հոգեւոր բնակավայր, որտեղ կարելի է անվերջ երազել, հուսալ, տոկալ, ստեղծել, ամեն ինչ անել, որ հանկարծ չկորցնես մարդկային հրաշքներով ու հրաշք մարդկային հարաբերություններով կառուցված այդ մեծ, սիրելի, հարազատ տունը:

Կյանքը դանդաղ ու ծույլ, առօրյան թվացյալ գորշ, Օպերայի մեծ խաչմերուկը՝ թեկուզ դժգույն ու անհրապույր, բայց որքա՜ն ՄԱՐԴԻԿ ու ԴԵՄՔԵՐ կային, որոնք իմաստավորում էին մեր կյանքը՝ հանկարծակի հայտնությամբ կամ չնչին մի ժեստով:

Անկախության սերունդը այդ բերկրանքը չի հասկանա, քանզի աչքը բացել, ականջը սրել ու լսել է Սադոյանի անունը, հետո էլի շատ անուններ, իրենցից ոչինչ չներկայացնող դատարկությունների անուններ:

Ի՜նչ Գրիգոր Գուրզադյան, ի՜նչ, Գրիգոր Խանջյան, Ի՝նչ Լեւոն Ներսիսյան, ի՜նչ Մետաքսյա Սիմոնյան…

Իսկ մենք գիտեինք եւ ակնածանքով էինք անցնում նրանց բոլորի տան մոտով, անգամ գիտեինք, թե որոնք են նրանց բնակարանի պատուհանները:

Նույն ակնածանքով անցնում էինք Գրողների տան մոտով, «Հանրագիտարանի» խմբագրության շենքի մոտով, բոլոր թատրոնների եւ գրադարանների շենքերի մոտով: Ի դեպ, խանութ էր, շատ փոքրիկ խանութ, բայց դարձյալ այն մենք ընկալում էինք որպես մշակութային մի անկյուն: Հայտնի «Կոճակի խանութը» կոլորիտ ու գույն էր Մաշտոցի պողոտայում:

Ի դեպ, այն ժամանակ էլ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների ժամանակ փողոցներում տեսնում էինք ֆոլգայով պատրաստված թրերով ու վահաններով «զինված» ձիավոր թագավորների, ինչը քմծիծաղ էր առաջացնում: Ընդամենը: Քանզի գիտեինք, որ Երեւանն իբրեւ հոգեւոր տարածք հաստատուն է: Ցուցքն անցնելու է եւ էլի մենք հենվելու ենք հոգեւոր-մշակութային արժեքների վրա, որոնք անանց են ու դա է մերը:

Իսկ այսօրվա պատանին Գրողների տան կողքով անցնելիս, այդ շենքի բազմաթիվ ցուցանակներում կարդում է «Բուժում Գերմանիայում 3-րդ հարկ»:

Իսկ հանրագիտարանի շենքի տեղը չգիտի, չգիտի կամ չափազանց դժվարությամբ կարող է գտնել Իսահակյանի անվան գրադարանի տեղը: Ինչպես գտնի, երբ հենց նրանց տնօրեններն են բանկերին ծախել իրենց շենքերը:

Ճիշտ է ասված՝ «Ամրոցը ներսից են գրավում»:

Այն ժամանակ ամրոցն ամուր էին պահում ՄԱՐԴԻԿ ու ԴԵՄՔԵՐԸ:

Իսկ այսօր «մտավորական»-մարդուկներն իրենք են առաջարկում վերեւներին եւ սակարկում հոգեւոր տարածքների գների շուրջ:

Այն ժամանակ հատուկենտ ու հայտնի սրճարաններում միտքն էր եռում ու «բոհեմական գոլորշի» էր դուրս գալիս, նաեւ ՄԱՐԴԻԿ՝ ՄԵԾԵՐԸ բան էին ասում փոքրերին, զարմացնում ու հիացնում էին իրենց սրամտություններով, զրուցում ու քննարկում էին բարձր արժեքներին վերաբերող թեմաներ: Իսկ այսօր անհաշիվ սրճարաններում չորացած միտք է, սմքած հոգի, գետնաքարշ բամբասանք ու «գլամուռային» տաղտկալի «հումոր»:

Ինչ ասեմ…այն ժամանակ ՄԱՐԴԻԿ ու ԴԵՄՔԵՐ էին:

Այսօր՝ «ՇԱՐՄ»-ոտ դիմակներ ու դիմակավոր անդեմ արարածներ են, որոնք ամայացրեցին հոգեւոր տարածքը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը