Քաղաքական

11.10.2013 13:12


Պաշտպանը պահանջեց դադարեցնել ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումը

Պաշտպանը պահանջեց դադարեցնել ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթացող ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործի քննության ժամանակ կողմերը հանդես են գալիս ճառերով։

Սարգիս Գևորգյանն իր ճառում ընդգծել է, որ իրենց նկատմամբ ակնհայտ քաղաքական պատվեր է իրականացվում՝ Սերժ Սարգսյանի թելադրանքով։

–Ձեզ այլ բան չի մնում, քան կայացնել արդարացման դատավճիռ: Բայց, չնայած իրավագիտության և արդարադատության տեսանկյունից ձեզ այլ բան չի մնում, և հաշվի առնելով, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որտեղ իշխում են հանցավոր տարրեր, ովքեր տոտալ վերահսկողություն են իրականացնում բոլոր ոլորտներում, ներառյալ դատարանները, արդարացման դատավճիռ կայացնելու համար դուք պետք է դրսևորեք առանձնահատուկ համարձակություն և կամք՝ հակառակվելու ձեզ վերահսկողության տակ առած ռեժիմին,–հայտարարել է Ս. Գևորգյանը:

Պաշտպանական ճառով հանդես է եկել նաև փաստաբան Ստեփան Ոսկանյանը։ Նա ևս պնդել է, որ իր պաշտպանյալները մեղադրվում են ակնհայտ շինծու գործով։

–Իմ պաշտպանյալներից որևէ մեկը ոստիկանների նկատմամբ բռնություն չի կիրառել։ Հակառակը՝ դեպքի վայրում գտնվող քանակապես գերազանցող ոստիկանության աշխատակիցնե՛րը չեն գործել իրենց ծառայողական պարտականությունների շրջանակներում։ Միջնորդում եմ դադարեցնել իմ պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը, կարճել նշված հոդվածներով քրեական գործի վարույթը և հռչակել վերջիններիս անմեղությունը իրենց մեղսագրվող հանցավոր արարքների մեջ հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ,–հայտարարել է փաստաբանը։

Իսկ Տիգրան Առաքելյանն իր ճառում ևս մեկ անգամ նշել է, որ իրեն ապօրինի են պահում կալանքի տակ, և անգամ հաշվի չեն առնում հազարավոր քաղաքացիների, ԶԼՄ–ի, հանրության շրջանում վստահություն վայելող հասարակական–քաղաքական գործիչների կողմից իրեն քաղբանտարկյալ ճանաչելը։

Ես ազատությունն արդարության մեջ կգտնեմ, ես ազատության մեջ արդարություն չեմ կարող գտնել,–հայտարարել է Տ. Առաքելյանը։

Ինչ վերաբերում է Դավիթ Քիրամիջյանին և Արտակ Կարապետյանին, ապա նրանք հրաժարվել են պաշտպանական ճառից՝ հայտարարելով, որ դատավարական մի շարք սխալներ է թույլ տվել այս դատարանը։

Մեղադրողի ճառի ժամանակ էլ ՀԱԿ ակտիվիստները նրան հակադարձել են՝ նստի՛ր, երկուս։

Այժմ դատարանը հեռացել է վճիռ կայացնելու։ Դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 14-ին։

Մինչ այդ, Տիգրան Առաքելյանը իր մակագրությամբ Քրեական օրենսգիրք նվիրեց դատավոր Եվա Դարբինյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը