Լրահոս

11.10.2013 10:50


Արդարադատության նախարարության արձագանքը «7օր»–ի հրապարակմանը

Արդարադատության նախարարության արձագանքը «7օր»–ի հրապարակմանը

Նախօրեին ներկայացրել էինք ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ «7օր»–ի հարցազրույցը, որտեղ նա պնդել էր՝ եթե համաներումը տարածվում է տվյալ անձի վրա, ապա դրա կիրառումը պարդադի՛ր է՝ անկախ անձի ցանկությունից։

Սխալ մեկնաբանություն է տվել Արդարադատության նախարարը,–ընդգծել էր փաստաբանը՝ հավելելով, որ համաներումից հրաժարվելու Տիգրան Առաքելյանի հայտարարությունն իրավական որևէ հետևանք ունենալ չի կարող։

Մեր այս հրապարակմանն արձագանքել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Հրայր Թովմասյանի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը «7օր»–ին փոխանցել է, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ /ընդունվել է համաներման ակտ/ կետերում նշված հիմքերով՝ գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը»:

Կ. Քալանթարյանն ընդգծել է, որ Տիգրան Առաքելյանի դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին ասել էր, որ համաներումից կարող են հրաժարվել միայն այն քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են նախաքննության և դատաքննության փուլում, իսկ Բուդաղյանների և Տիգրան Առաքելյանի գործերը դատաքննության փուլում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը