Լրահոս

10.10.2013 14:27


Մուշեղ Շուշանյան. «Ժողովրդին պատկանող իշխանությունը յուրացված է»

Մուշեղ Շուշանյան. «Ժողովրդին պատկանող իշխանությունը յուրացված է»

Հարցազրույց Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ

–Դուք երեկ հայտարարեցիք, որ Տիգրան Առաքելյանի վրա համաներում տարածվում է՝ անկախ այն բանից, որ նա դատարանի դահլիճում պաշտոնապես հրաժարվեց համաներումից։ Ճի՞շտ եմ ձեզ հասկացել։

–Այո՛, համաներումից հրաժարվելու մասին Տիգրան Առաքելյանի հայտարարությունն իրավական որևէ հետևանք ունենալ չի կարող։ Այսինքն, համաներման կիրառումը կախվածության մեջ չի դրվում անձի ցանկությունից։

–Փաստորեն, Տիգրան Առաքելյանը, ուզի թե չուզի, նրա նկատմամբ համաներումը կիրառվելո՞ւ է։

–Այո՛։

–Բայց այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ համաներումից կարող են հրաժարվել միայն այն քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են նախաքննության և դատաքննության փուլում, իսկ Տիգրան Առաքելյանի գործը դատաքննության փուլում է։

–Սխալ մեկնաբանություն է տվել Արդարադատության նախարարը։ Եթե համաներումը տարածվում է տվյալ անձի վրա, համաներման կիրառումը պարտադի՛ր է, և անձի ցանկությունը կամ կամքը հարցնելու անհրաժեշտություն չկա՛։

–Անկախ նրանից, թե ո՞ր փուլում է գտնվում գործը։

–Այո՛, իհա՛րկե։

–Իշխանությունն անընդհատ հայտարարում է, որ պետք է արդարադատության ոլորտն անկախ լինի, բայց, ինչպես տեսնում ենք, իշխանությունը շատ մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա։ Արդյոք նրանք իրականացնո՞ւմ են իրենց այս խոստումը։

–Իշխանությունների տարանջատման սկզբունքը Սահմանադրությամբ է ամրագրված. այլ հարց է, որ փաստացի վիճակը բոլորին ծանոթ է։ Գիտենք, որ անկախ դատական համակարգ մենք չունենք. դատարանները մեծ կախվածություն ունեն նախ և առաջ գործադիր իշխանության մարմիններից, քրեական գործերով դատարանները կատարում են իրավապահ համակարգի, մասնավորապես դատախազության կամքը։ Այս պայմաններում, բնականաբար, դատարանի՝ որպես արդարադատություն իրականացնող մարմնի մասին մենք խոսել չենք կարող։

–Իսկ ի՞նչ պետք է արվի, որպեսզի այդ անկախությունն ապահովվի դատարանների համար։ Ի՞նչ է պետք փոխել։

–Կարծում եմ՝ այդ բոլոր երևույթների արմատը պետք է փնտրել Սահմանադրության 2–րդ հոդվածի խախտման մեջ։ Այսինքն, ժողովրդին պատկանող իշխանությունը յուրացված է։ Գիտենք նաև, որ նույն 2–րդ հոդվածը սահմանում է՝ իշխանության յուրացումը համարվում է պետական ծանր հանցագործություն, այսինքն՝ իշխանությունը յուրացված է հանցավոր խմբի կողմից, և մինչև ՀՀ ժողովուրդն իշխանություն ձևավորելու հնարավորություն չունենա կամ ձեռք չբերի, վիճակը մնալու է այնպիսին, ինչպիսին կա այսօր։ Այսինքն, անկախ դատարանի մասին խոսք լինել չի կարող։

–Իսկ ինպե՞ս եք գնահատում, որ շատ հանցագործներ ազատ են արձակվում, իսկ, օրինակ, խոտի դեզ այրած երիտասարդներին շարունակում են պահել կալանքի տակ։

–Մեր իրականության պայմաններում շատ նորմալ եմ գնահատում։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետև ՀՀ–ում գործում են ոչ թե Սահմանադրությունն ու օրենքները, այլ հանրության մեջ հարաբերությունները կարգավորվում են միանգամայն այլ հասկացություններով։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը