Քաղաքական

09.10.2013 13:07


Տիգրան Առաքելյանը պաշտոնապես հրաժարվեց համաներումից (տեսանյութ)

Տիգրան Առաքելյանը պաշտոնապես հրաժարվեց համաներումից (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող ՀԱԿ ակտիվիստների գործով այսօր կրկին դատարան է հրավիրվել գործով տուժող ոստիկան Շահեն Հարությունյանը։ Նախկինում նա հայտարարել էր, որ իր հեռախոսով նկարահանել է ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպը, բայց հետո կորցրել է այդ հեռախոսը։

Այսօր Շ. Հարությունյանն իրեն ուղղված բազմաթիվ հարցերին պարզապես պատասխանել է՝ չեմ հիշում, ինչից հետո Տիգրան Առաքելյանը պարզապես հրաժարվել է նրան հարցեր հղելուց՝ վրդովված հայտարարելով.

–Ես հարցեր չունեի էլ. ինձ ուղղակի պետք էր, որ դատարանը տեսներ, թե էս ստախոսն ինչ է արել մեր գլխին։ Դու քեզ հիմա հավատում ե՞ս։ Շահե՛ն, մի հատ նայի՛ ինձ, չես ուզո՞ւմ մեզանից ներողություն խնդրես։

Այնուհետև Տիգրան Առաքելյանը մեղադրող դատախազից պահանջել է մի հոդաբաշխ բան ասել բոլոր հարցերին ոստիկանի «չեմ հիշում» պատասխանների կապակցությամբ։ Սակայն «հոդաբաշխ» բառից դատախազը վիրավորվել է և բորբոքվել։ Սա է՛լ ավելի է վրդովեցրել Տիգրան Առաքելյանին, ով հայտարարել է՝ ընդամենը կահավորել են դահլիճը քեզանով։

Այս ամենից հետո նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը նկատողություն է հայտարարել Տիգրան Առաքելյանին, ինչին վերջինն արձագանքել է.

–Ես պարտավոր չեմ շինծու քրեական գործով 2,5 տարի գտնվել կալանքի տակ։

–Հիմա նստե՛ք ձեր տեղը, հետագայում տա Աստված...

–Չտա Աստված, տա օրե՛նք։

–Տա՛ օրենք,–Տիգրան Առաքելյանի շտկմանը համաձայնել է նիստը նախագահող դատավորը։

Այնուհետև Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը փորձել է ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդությունը։ Սակայն, ինչպես նախորդ նիստին, այնպես էլ այսօր դատավոր Եվա Դարբինյանը նրան թույլ չի տվել այդ միջնորդությամբ հանդես գալ՝ առաջարկելով այն ներկայացնել պաշտպանական ճառի ժամանակ։

–Բայց դա իմ դատավարական իրավունքն է,–պնդել է փաստաբանը՝ շարունակելով,–ես ցանկանում են ներկայացնել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը, քանի որ համաներման ակտը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, և նրան կալանքի տակ պահելու բոլոր հիմքերը վերացված են։ Համաներման որոշման ընդունումից հետո ակնհայտ է՝ դատարանի այն հիմնավորումները, որոնցով նա պահվում է կալանքի տակ, այլևս անիմաստ են։

Դատավոր Եվա Դարբինյանը, սակայն, անդրդվելի է եղել. նա հայտարարել է, որ եթե անգամ այդ միջնորդությունը հիմա է ներկայացվում, իրենք այն քննելու են ճառերի փուլի ժամանակ։

Դատարանի այդ դիրքորոշումը խիստ վրդովեցրել է Տիգրան Առաքելյանին. նա սկսել է բղավել, որ իրեն անգամ մեկ ժամ ավելի են ուզում ապօրինաբար պահել կալանքի տակ։

–Անգամ չեք հարգում ձեր կուսակցապետի վճիռը։ Դա էլ մեկ ապացույց է, որ քաղաքական հետապնդում է. ժամ ավել պահել կալանքի տակ։ Ուրեմն ես պաշտոնապես հրաժարվում եմ ամնիստիայից. ինձ արդարացմա՛ն վճիռ է պետք, որը կայացվելու է, ա՛յս դատարանը լինի, թե այլ ատյան,–բարձրաձայնել է Տ. Առաքելյանը։

Տեսնելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, դատարանը պարզապես շտապել է դուրս գնալ դահլիճից։ Հեռացրել են նաև Տիգրան Առաքելյանին։

Ներկաները դատարանին սկսել են բղավել՝ «Ամո՛թ», «Հանցագործնե՛ր»։

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 11–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը