Մեկնաբանություն

08.10.2013 01:05


Կոչեմ մեռնողաց

Կոչեմ մեռնողաց

Նախագահական պալատին սպասարկող հեռուստաընկերություններից մեկը իրար հետեւից երկու ռեպորտաժ է մատուցում:

Սկզբում որպես «թույն» բացահայտում տեղեկացնում է, թե՝ «Հայաստանում հողահատկացման սկանդալ է հասունանում. գերեզմանոցը գրավել է գյուղը»:

Պարզ է՝ խնդիրը ներկայացնում են այն տեսանկյունից, որ տվյալ համայնքում ապօրինի հողհատկացման հետեւանքով գերեզմանոցը «հասել» է գյուղ: Իսկ թե ովքեր են հատկացրել, ռեպորտաժի հեղինակը ներկայացնում է իր «որոնումների» արդյունքները: Ըստ էության, արդյունք էլ չկա. սրան-նրան «խոսեցնելուց» հետո ավարտում է ռեպորտաժը:

Այսինքն՝ հեռուստաընկերությանը միայն չեղած «սկանդալն» է հետաքրքրում, իսկ թե ինչու են մեռելները շատացել՝ գրավելով կենդանի մարդկանց ապրելու տեղը, այս հարցն անկարեւոր է համարում:

Ակնհայտ է, որ գյուղական համայնքները դատարկվում են, որտեղ մնում են միայն ծերերը, որոնց թիվն էլ գնալով պակասում է, եւ պարզ է, որ հարակից գերեզմաններում հանգուցյալների թիվն աճում է՝ ի «հաշիվ» ողջ մնացածների:

Եվ փոխանակ պարզելու գյուղի գերեզմանոցի ընդլայնման իրական պատճառները՝ սրանք անկապ «սկանդալ» են փնտրում:

Հեռուստաընկերության լրատվականի հաջորդ ռեպորտաժում լսում ենք հետեւյալը.

«Հայաստանում վերարտադրողական ճգնաժամ է: 2011-ին մեկ կնոջ հաշվով ծնելիության գործակիցը 1.5 է կազմել: Դա նշանակում է որ մեր երկրում նույնիսկ բնակչության պարզ վերարտադրություն տեղի չի ունենում: Երևույթի պատճառների քննարկմանն էր նվիրված Հայկական վերարտադրողական ասոցիացիայի 10-րդ համաժողովը»:

Համադրե՛ք առաջին ռեպորտաժի նյութը երկրորդի հետ եւ կստանաք ողբերգություն, ինչը համառորեն չեն ուզում տեսնել Սերժ Սարգսյանի հեռուստաքարոզիչները:

Ավելի ճիշտ տեսնում են, բայց ներկայացնում են Բաղրամյան 26-ի դիտանկյունից:

Դիտանկյուն, որտեղից արտագաղթն ու մեռելները չեն «երեւում» կամ՝ եթե մատուցվում է ողբերգությունը, ապա միայն թեթեւ «սկանդալային» լույսի ներքո:

Կիմա Եղիազարյան

Հ.Գ.։ Մեռածներին իշխանությունները հիշում են երկու առիթով։ Մեկը մեռելոցների երկուշաբթիների ժամանակ։ Մյուսը՝ ընտրաքվե ապահովելու ընթացքում։ Այս ամենի արանքում հեռուստաընկերությունները հասցնում են ռեպորտաժներ պատրաստել գերեզմանոցների տարածքների մեծացման մասին՝ անուղղակիորեն լսարանին հասցնելով այն միտքը, որ իշխանամետ «ընտրազանգվածը» սրընթաց աճ է արձանագրում։

Այս խորագրի վերջին նյութերը