Կարծիք

07.10.2013 18:10


Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյան

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը «Zham.am»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով ԵԽԽՎ նստաշրջանում Սերժ Սարգսյանին Զարուհի Փոստանջյանի տված սկանդալային հարցին՝ ասել է, որ, անշուշտ, լավ կլիներ՝ այդ հարցը չհնչեր, բայց դա արդեն կայացած փաստ է:

«Սերժ Սարգսյանը հայտնվեց բավական անհարմար ու դժվար վիճակում: Հարցը հարված հասցրեց նաև այն տվողին՝ Զարուհի Փոստանջյանին: Հարցից տուժեց նաև մեր երկրի վարկն ու հեղինակությունը: Երբ ՀՀ ԱԺ պատգամավորը ՀՀ նախագահին տասնյակ երկրների խորհրդարանականների առաջ, ուղիղ եթերում, նմանատիպ հարց է տալիս, ապա դրանից Հայաստանի հեղինակությունը չի կարող չտուժել»,–նշել է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների պահվածքին, Գ. Նազարյանը դա ամաչելու աստիճան ցածրակարգ է համարում։

«Եթե ՀՀԿ-ն հասուն և կայացած քաղաքական ուժ լիներ, ապա Զարուհի Փոստանջյանի հարցը չէր էլ հնչի: Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն իր հարցի իրավունքը զիջել է Զարուհի Փոստանջյանին: Զիջել են, լավ են արել, բայց նրանք պարտավոր էին ճշտել, հավաստիանալ, թե Զարուհին ինչ հարց է տալու: Այս ամենը չի եղել միայն մեկ պատճառով՝ ՀՀԿ-ում հավաքված են մարդիկ, որոնք հեռու են և՛ քաղաքականությունից, և՛ պետական շահի գիտակցումից»,–ավելացրել է նա:

Կարծիքներ կան, որ եթե ՀՀԿ-ն չզիջեր հարցի իրավունքը, ապա Զարուհի Փոստանջյանն այդ հարցը կտար որպես ԵԺԿ անդամ: Սակայն, Գ. Նազարյանի կարծիքով՝ ԵԺԿ-ն թույլ չէր տա, որ իր անունից նման ցածր մակարդակի հարց հնչեր.

«Բացի այդ, յուրաքանչյուր կուսակցություն ունենում է մեկ հարցի իրավունք: Չեմ կարծում, որ ԵԺԿ-ում այն մակարդակն է իշխում, որ հարցի իրավունքը տային Փոստանջյանին: Այնպես որ, հանրապետականները թող չփորձեն իրենց սխալը արդարացնեն տարբեր հնարքներով: ՀՀԿ-ականներն իրենց ապաշնորհությամբ իրենց կուսակցության առաջնորդին դրեցին բավական տհաճ իրավիճակի մեջ: Իսկ հիմա, փոխանակ նրանք օգնեն դուրս գալ իրավիճակից, նրան երկրորդ հարվածն են հասցնում»:

Քաղաքագետը հավելել է, որ այդ ՀՀԿ–ականների արձագանքը և հասցրած վիրավորանքները չեզոք դիրքորոշում ունեցողներին ստիպում են կանգնել Զարուհի Փոստանջյանի կողքին:

«Տղամարդուն ոչ վայել ձևով ՀՀԿ-ականները Փոստանջյանին հասցնում են տարատեսակ վիրավորանքներ: Համաձայնե՛ք, բայց կնոջը թուրք անվանելը հերոսություն չէ, և ոչ էլ պատիվ է բերում նրանց, ովքեր իրենց նման հայտարարություններ են թույլ տալիս: Իսկ շմայսատիպերի հայհոյալից արտահայտություններից հետո թող Սերժ Սարգսյանը չզարմանա, որ գնալով ավելի շատ մարդիկ կանգնեն Զարուհու կողքին»:

Գ. Նազարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն այս իրավիճակում պետք է զսպի իր կուսակիցների անմակարդակ պահվածքը, թե չէ իրավիճակն ավելի տհաճ կդառնա.

«Սերժ Սարգսյանն առաջին հարվածը ստանալուց հետո չպետք է թույլ տա, որ իր կուսակիցներն իրեն և երկրին երկրորդ հարվածն էլ հասցնեն: Այս ամենի տակից մենք կարող է և դուրս չգանք: Մենք այդքան շատ ռեսուրսներ չունենք»,–մտահոգություն է հայտնել նա:

Ամփոփելով՝ Գ. Նազարյանը տարանջատել է միջադեպի բովանդակային և տեխնոլոիգիական կողմերը: Բովանդակության մասով, ըստ նրա, Զարուհու հարցն այսօրվա Հայաստանի վիճակի և մթնոլորտի արդյունքն է, իսկ տեխնոլոգիական մասով՝ հարցը ԵԽԽՎ-ում հնչեց բացառապես Սերժ Սարգսյանի թիմի ապաշնորհության կամ դիտավորության պատճառով, միջադեպն էլ ուռճացվեց ՀՀԿ-ականների՝ մեկը մյուսի ետևից թույլ տրված սխալ քայլերի արդյունքում։

«Մասնավորապես՝ շմայսատիպերի և երիտհանրապետականների անառողջ քծնանքային չստացված ակցիաների պատճառով։ Երրորդ՝ միջադեպը կարող է թևակոխել շատ ավելի լուրջ փուլ, եթե Բաղրամյան 26-ը թույլ տա երրորդ սխալը՝ իրենց տակ աշխատող լրատվամիջոցները շարունակ են ԲՀԿ-ին կամ մյուս ազդեցիկ քաղաքական ուժերին փորձեն ներքաշել տհաճ միջադեպերի մեջ: Սրա նախանշանները արդեն իսկ կան: Ես հասկանում եմ, որ փորձ է արվում մի միջադեպը ստվերել լարվածության նոր օջախով, բայց դա կարող է հանգեցնել մի իրականության, որտեղ Սերժ Սարգսյանն իր կամքից անկախ կարող է հայտնվել միանգամից մի քանի անցանկալի միջադեպերի բեռի տակ»,–եզարափակել է Գ. Նազարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը