Լրահոս

07.10.2013 09:33


Անհասկանալիորեն հասկացվածը. ի պատասխան ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանի հարցազրույցի

Անհասկանալիորեն հասկացվածը. ի պատասխան ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանի հարցազրույցի

Վերջին օրերս, ՀՊՃՀ-ի շուրջ մամուլում տեղ գտած տեղեկությունների հետ կապված, համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի՝ News.am-ի թղթակցին տրված հարցազրույցում (http://news.am/arm/news/174546.html) իմ անունը շոշափելու առումով ցանկանում եմ ասել հետևյալը.

Իմ կողմից ՀՊՃՀ-ի գիտական խորհրդում համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի աշխատա-վարձերի ձևավորման սկզբունքների վերաբերյալ հնչել է քննադատություն, որի վերաբերյալ ռեկտորի և իմ միջև եղել է առանձնազրույց, որի վրա է հղվում պրն. Ավետիսյանը News.am-ի թղթակցի հետ ունեցած հարցազրույցում: Ես կարծել եմ, որ իմ և ռեկտորի միջև ունեցած խոսակցությունը չարժեր դարձնել քննարկման առարկա, քանի որ հոկտեմբերի 14-ին` ժամը 14:30-ին նախատեսված է կոլեկտիվի արհկոմի նիստ, որում ռեկտորը կանի որոշակի մեկնաբանումներ իր արած քայլերի վերաբերյալ, որոնց հետևանքով տեղի է ունեցել աշխատավարձի զգալի նվազում, ուսումնական բեռի աճ և այլն: Համարել եմ, որ մեր առանձնազրույցի մասին բարձրաձայնելը և այն հանրային քննարկման առարկա դարձնելը, մեղմ ասած ճիշտ չէ, քանի որ դա կարող է բացասաբար ազդել կոլեկտիվի հոկտեմբերի 14-ի ժողովում քննարկման բովանդակության վրա` հանդիսանալով տարաբնույթ շահարկումների առիթ: Կարծել եմ նաև, որ քննարկումները պետք է արվեն, նախ և առաջ, կոլեկտիվում` անկաշկանդ մթնոլորտում, կառուցողական հունով:

Ինչևէ, եթե պրն. Ավետիսյանը ստիպված է եղել հայտնել մեր առանձնազրույցի մանրամասները` այն էլ աղավաղված տարբերակով, ապա ես ինձ իրավունք եմ վերապահում անել որոշ մեկնաբանություններ News.am-ի թղթակցին իր ասածի վերաբերյալ:

Իրոք, ռեկտորի առաջարկով, իր և իմ միջև տեղի է ունեցել առանձնազրույց, վերաբերող համալսարանի գիտխորհրդում իմ կողմից հնչեցված քննադատականին: Ռեկտորը փաստեց, որ աշխատավարձերի առումով իրոք կա խնդիր, և որ ինքը այդ առումով մտադիր է ձեռնարկել որոշակի քայլեր: Ես ողջունեցի ռեկտորի իր նախկին որոշումը վերանայելու հակվածությունը և հույս հայտնեցի, որ իրավիճակը շտկելուն ուղղված իր նախաձեռնելիք քայլերի մանրամասները պետք է հայտնի կոլեկտիվին` հոկտեմբերի 14-ի ժողովում: Ես հավելեցի նաև, որ իր հանդիպումը կոլեկտիվի հետ խիստ անհրաժեշտ է, քանի որ կոլեկտիվը չափազանց լարված է և աշխատավարձի իջեցումը ձմռան շեմին, այս թանկացումների պարագայում անթույլատրելի է և ձևավորում է համալսարանում պայթյունավտանգ իրավիճակ: Ստեղծվածի առումով ես ռեկտորից որևէ պարզաբանում չեմ ստացել, ավելին` ես չեմ ասել ... այ հիմա հասկացա, պարոն Ավետիսյան ջան … ավելին` ես պնդել եմ լրիվ հակառակը.

հարգելի պարոն Ավետիսյան ջան, ես բացարձակ չեմ հասկանում Ձեր որևէ քայլ, որը հանգեցնում է

ա) պրոֆեսորադասախոսական անձնկազմի աշխատավարձի չափի զգալի նվազման,

բ) նրա ուսումնական բեռնվածքի էական աճի, առավել ևս, երբ այդ ամենը տեղի է ունենում հետևյալին զուգահեռ՝

  • ուսման վարձի ավելացում,
  • բեռնվածքների միջինի ավելացում և լսարանային-արտալսարանային ժամերի հարաբերակցության խիստ աճ,
  • մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով ուսումնառության իրականացում,
  • արտալսարանային ժամերի աննախադեպ կրճատում,
  • պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի շարունա-կական բնույթ կրող կրճատումներ և այլն:

Հարգելի պարոն Ավետիսյան, ես բացարձակ չեմ հասկանում նաև ձեր միտումը արհեստածին եղանակով պակասեցնել մեր համալսարանի պրոֆեսորների և դոցենտների քանակը: Ես չեմ ընդունում նաև, երբ դա արվում է հապճեպ եղանակով, նախադեպը չունեցող ծավալի ընտրություններով, դասախոսական միջավայրում դժգոհություններ հրահրող ճանապարհով, մարդկանց իրավունքի և վաստակի արհամարմամբ և այլն:

Հարգելի պարոն Ավետիսյան, ես չեմ հասկանում ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից ցուցաբերած այն անտարբեր ու արհամարհական վերաբերմունքը, երբ հարկ չի համարվում տեղեկացնել մեզ` մեր աշխատավարձի չափի մասին: Աշխատավարձի մասին մենք տեղեկանում ենք դասերը սկսելուց մեկ ամիս անց: Մեր աշխատանքային պայմանագրերը մեզ հրամցվում են ստորագրման հոկտեմբերի 1, 2- ի դրությամբ, երբ կոլեկտիվը երկու ամսից ավել աշխատավարձ չի ստացել ու շատ աշխատակիցներ իրենց և իրենց ընտանիքների ֆիզիկական գոյության պահպանման համար ճարահատյալ պարտադրված են այդ պայմանագրի ստորագրմանը: Կատարվածը ոչ միայն աշխատանքային օրենսդրության պահանջների համապատասխան դրույթների կոպտագույն խախտում է, այլ նաև ԲՈՒՀ-ի ղեկավարության կողմից սեփական կոլեկտիվի հանդեպ արհամարհական վերաբերմունքի դրսևորում, երբ իսկզբանե համարվում է, որ կոլեկտիվը անկախ վարձատրման չափից ճարահատյալ պարտադրված է իրականացնել չհիմնավորված կամայական ծավալի ուսումնական բեռնվածք: Հաշվի չի առնվում նաև այն հանգամանքը, որ նման միջոցառումները խիստ բացասաբար են անդրադառնում ուսումնական պրոցեսի և ուսանողությանը որակյալ կրթություն տալու առումով:

Հարգելի պարոն Ավետիսյան, ես չեմ հասկանում, թե ինչու եք դուք Ձեզ իրավունք վերապահել Ձեզ ցանկալի ոճով մեկնաբանել գիտխորհրդի որոշումները, և ավելին, վերագրել գիտխորհրդին որոշումներ, որը նա չի ընդունել: ՀՊՃՀ-ի բոլոր աշխատակիցներին հայտնում եմ, որ վարձաչափերի վերաբերյալ գիտական խորհուրդը որևէ որոշում չի ընդունել:

Հարգելի պարոն Ավետիսյան, ես բացարձակ չեմ կիսում ձեր զարմանքը, թե ինչու են մարդիկ դժգոհում, երբ նրանց աշխատավարձը պակասում է: Ձեզ հասկանալի և ինձ անհասկանալի բաներ շատ կան և այդ ամենի մասին ես Ձեզ ասել եմ, պարզապես ժամանակի սղության պատճառով այդ ամենը թղթին տալը համարում եմ այժմ ոչ նպատակահարմար:

News.am-ի թղթակցին տված իր հարցազրույցում ռեկտոր Արա Ավետիսյանը թույլ է տվել իրեն անհարգալից արտահայտվել մեր համալսարանի պրոֆեսորներից մեկի՝ Է. Մանուկյանի հասցեին, մատնանշելով վերջինիս վատ տեսողություն ունենալու հանգամանքը, փորձելով տանել որոշ զուգահեռներ տկարության և կուրության միջև: Ասվածը դուրս է բարեկրթության բոլոր նորմերից: Պրոֆեսոր Է. Մանուկյանը պատկանում է գիտնականների հայտնի տոհմին: Նա ճանաչված մասնագետ է ինֆորմատիկայի բնագավառում և այժմ զբաղվում է մեքենայական թարգմանության հիմնախնդիրով: Ռեկտոր Ա. Ավետիսյանին, որը, ի դեպ, մասնագիտությամբ մեխանիկ է, պետք է հիշեցնեմ, որ հայտնի մեխանիկ-մաթեմատիկոս Լ. Էյլերը ևս ունեցել է խնդիրներ տեսողության հետ և երբ ռուսաց կայսրը հրավիրեց նրան աշխատանքի Սանկտ Պետերբուրգ, բոլորին հայտնի էր, որ նրա լսարան մտնելը, և առավել ևս գրատախտակին որևէ բան գրելը պրոբլեմատիկ է: Ցավոք սրտի «Առավոտ» օրաթերթին պրոֆեսոր Է. Մանուկյանի տված գնահատականները մոտ են իրականությանը: Ընթերցողի գնահատականին եմ թողնում, օրինակ, մեր վերջին գիտխորհրդի նիստում ռեկտորի կողմից հնչեցված, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի դեկանին ուղղված հետևյալ արտահայտությունը.

քեզ գոնե մի քիչ հարգում եմ, դրա համար քո հարցին կպատասխանեմ:

Համաձայն ռեկտոր Ա. Ավետիսյանի, իր նորամուծությունների արդյունքում որոշ մարդիկ վախենում են բացահայտել իրենց կերպարը, իրենց տեսակը: Հարկ եմ համարում ասվածին հակադարձել հետևյալով՝

հարգելի պարոն Ա. Ավետիսյան, Ձեր վարած քաղաքականության արդյունքում մեր համալսարանը կանգնել է կոլապսի առջև: Դուք չունենալով ուսումնական բեռնվածք հաշվելու, կազմելու, բաշխելու որևէ փորձ, ձեռնարկել եք մի գործնթաց, որը ընկած է ուսումնական պրոցեսի ձևավորման ակունքում: Դուք չունենալով մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով դասավանդման սեփական փորձ, կարգադրել եք ուսումնառությունն իրականացնել նման կերպ, ինչը, հավատացեք, բացասաբար է անդրադարձել ուսումնական պրոցեսի վրա: Տարատեսակ հնարքներով Դուք փորձում եք ամեն կերպ քիչ վարձատրել դասախոսին, նրան հնարավորինս շատ բեռնելով, առանց հաշվի առնելու այն, որ դա կարող է վատ անդրադառնալ ուսումնական պրոցեսի վրա, հաղորդելով վերջինիս իմիտացիոն բնույթ:

Հարգելի պարոն Ավետիսյան, Ձեր ասածից ու արածից հասկանում եմ միայն մեկ բան: Դուք ամեն կերպ խուսափում եք կոլեկտիվի հետ հանդիպումից, երբ Ձեզ պարզ դարձավ, որ սկսվել է բողոքի մեծ ալիք, ինչի մասին վկայում է իմ կողմից նախաձեռնված ստորագրահավաքը, որը մեկ օրվա ընթացքում հավաքեց 150-ից ավելի ստորագրություն՝ ի դժգոհություն ԲՈՒՀ-ում Ձեր վարած քաղաքականությանը: Ձեր՝ այս շաբաթ ռեկտորատի նիստ հավաքելը, ըստ ամենայնի, հետապնդում է հետևյալ նպատակը՝ կիրառելով վարչական լծակ, ինչ-որ կերպ քողարկել դժգոհության ալիքը և կասեցնել կոլեկտիվի նիստին միտված ստորագրահավաքը: Ինչ վերաբերում է ԲՈՒՀ-ում հնարավոր դասադուլին, ապա այստեղ ես համակարծիք եմ ռեկտորի հետ:

ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյան

Այս խորագրի վերջին նյութերը