Քաղաքական

04.10.2013 13:34


Վարչապետը զանգահարել է Արամ Մանուկյանին. կարծես թե սթափ է եղել

Վարչապետը զանգահարել է Արամ Մանուկյանին. կարծես թե սթափ է եղել

Խորհրդարանական քառօրյան ամփոփող ճեպազրույցի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի շարք հետաքրքիր դրվագներ է բացահայտել գազի սակագնի պայմանագիրն իրեն տրամադրելու պատմության հետ կապված։

Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ 6 ամսվա ընթացքում արդեն 4–րդ անգամ Ա. Մանուկյանը պահանջել է իրեն տրամադրել գազի սակագինը բարձրացնելու մասին պայմանագիրը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այդպիսի պայմանագիր չկա։

Ա. Մանուկյանի խոսքերով՝ այս հայտարարությունից շփոթված՝ նա պարզաբանման համար դիմել է ՀՀ ԱԺ նախագահին, սակայն Հովիկ Աբրահամյանը պատասխանել է՝ եթե իսկապես այդպես է ասել, ուրեմն մի բան այն չէ։

ԱԺ նիստից հետո վարչապետն էլ է մոտեցել Ա. Մանուկյանին և պնդել, որ իրեն ճիշտ են հասկացել։

–Բացատրում էր, թե ինչպես են առանց պայմանագրի թանկացրել։ Հավատացե՛ք, նա սթափ էր։ Հ. Աբրահամյանն էլ ասաց՝ ո՞նց կարող է՝ գազի գինն առանց պայմանագրի թանկանա,–պատմել է Ա. Մանուկյանը։

Ավելին, երեկ երեկոյան Արամ Մանուկյանին է զանգահարում վարչապետը.

–Կարծում եմ՝ նույնպես սթափ էր։ Հարցնում էր՝ ես գրավոր հարցում տվե՞լ եմ։ Ասացի՝ Տիգրա՛ն, էս վեց ամիս է՝ պատռվում եմ, գազի գին եմ ուզում ձեզնից, ի՞նչ թուղթ։ Ասում է՝ պետական պայմանագի՞րն ես ուզում։ Ես խոսում եմ գազի գնի մասին, ոչ մի «պետական» բառ չկա իմ ասածում: Ասաց նաև, որ երկու սուբյեկտ ստորագրել են։ Իմ հաջորդ հարցն էր՝ չէ՞ որ էդ սուբյեկտներից մեկի սեփականատերերից է Հայաստանի կառավարությունը: Ասաց՝ լավ, մի հատ ճշտեմ, էլի կզանգեմ։ Ես որքան հասկացա, ինչ–որ բան ստորագրել են։ Ասացի՝ Տիգրա՛ն, եթե դու չես տալու պայմանագիրը, ես Ռուսաստանից կբերեմ։ Ասաց՝ չե՛ս կարող։ Կարծում եմ՝ եթե պայմանագիրն իրոք կա, ուրեմն էնքան վատ բաներ են խոստացել, որ հնարավոր չէ հրապարակել։ Սերժ Սարգսյանը երևի այնպիսի բաներ է խոստացել, այնպիսի բաների առաջ է խեղճացել, որ հնարավոր չէ հրապարակել: Հաջորդ տարբերակն այն է, որ չկա պայմանագիր, հայկական կողմն ապօրինի գին է որոշել, և ժողովրդից գումար են գանձում։

Ա. Մանուկյանը տեսականորեն չի բացառում նաև, որ առանց ռուսների հետ համաձայնության և պահանջի ՀՀ իշխանությունն ինքն իրեն է որոշել վերցնել ու թանկացնել։

–Երկու սարգսյաններն էլ անլուրջ մարդիկ են: Այսպիսի խաղ, անլրջություն, արկածախնդրութուն մի ազգի գլխին չի՛ կարելի խաղալ,–եզրափակել է ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Ի դեպ, Ա. Մանուկյանից հետո ճեպազրույցին ժամանած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Գազպրոմի հետ, այո՛, պայմանագիր ստորագրվել է, բայց Հայաստան պետության և Ռուսաստանի միչև գազի վերաբերյալ որևէ պայմանագիր չկա, քննարկման փուլում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը