Լրահոս

02.10.2013 14:13


«ԴիջիԹեք Էքսպո 2013»` ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես

«ԴիջիԹեք Էքսպո 2013»` ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես

«ԴիջիԹեք էքսպո 2013`ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես»-ին կմասնակցեն կանադական, սինգապուրյան, ռուսական, ամերիկյան և տեղական 120 կազմակերպություններ: Ակնկալվում է, որ 9-րդ ամենամյա տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը կունենա ավելի քան 25.000 այցելու` 2012 թվականի 24.000-ի փոխարեն:

Ցուցահանդեսն այս տարի կներկայանա առավել մեծ ծավալներով և նոր ձևաչափով: Առաջին հարկում կներկայացվեն ինժեներական լուծումներ, երկրորդ հարկում առանձնացված կլինեն ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները, երրորդ հարկում կտեղակայվեն նորաստեղծ ընկերությունները, աշխատանքի տոնավաճառ բաժինը, «ԴիջիԼայֆ» սեմինարների սրահները, և գործարար հանդիպումների սրահը:

«ԴիջիԹեք-ն ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես է: Այս սպասված միջոցառում է և կարելի է ասել՝ տոն է տեխնոլոգիական հայության համար: ԴիջիԹեքի միջոցով մարդիկ տեսնում են, որ Հայաստանում կա հեռանկար և իրենց ապագան կապում են սեփական երկրի հետ։ Սա ռազմավարական առումով ԴիջիԹեք-ի ամենակարևոր գործառույթն է»,-այսօրվա ասուլիսին նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Այս ցուցահանդեսը կարևոր դեր է խաղում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի նորարարության և նորագույն տեխնոլոգիական լուծումների ներկայացման և հանրության իրազեկման բարձրացման գործում: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրն աջակցում է ցուցահանդեսի իրականացմանը՝ նպատակ ունենալով օժանդակել ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին ներկայացնելու իրենց ծրագրային լուծումները և գործարար կապեր հաստատելու պոտենցիալ գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ: Այս տարի ծրագրի աջակցության շնորհիվ կգործի հատուկ տարածք բիզնեսը-բիզնեսին (B2B) ձևաչափով հանդիպումների համար, որտեղ մասնակից ընկերությունները հնարավորություն կունենան կազմակերպելու հանդիպումներ իրենց գործընկերների հետ»,- նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը:

«Նմանօրինակ միջոցառումները ոչ միայն հնարավորություն են ընձեռում ներկայացնելու ոլորտի ընկերությունների ձեռքբերումները, այլ նաև ցուցադրելու և խոսելու հեռանկարային զարգացումների մասին: «DigiTec Expo 2013»–ն, ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս հյուրընկալել է լավագույն ընկերություններին և համոզված եմ այս միջոցառումը հերթական խթանը կհանդիսանա Հայաստանում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների էլ ավելի ակտիվ զարգացման համար»,- նշեց GNC-Alfa ՖԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

DigiTec-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.

  • ԴիջիԼայֆ սեմինարներ - սեմինարների շարք «տեխնոլոգիաների կիրառումն առօրյա բիզնեսում»
  • Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ- Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները:
  • ArmRobotics– ռոբոտների ցուցադրություն
  • Open Game Contest – «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն:

«ԴիջիԹեք էքսպո 2013»-ը կկայանա հոկտեմբերի 4-6, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում։

Այս խորագրի վերջին նյութերը