Մեկնաբանություն

01.10.2013 18:26


«Սերժի՛կ, մնա՛» կամ հեքիաթ «Բարի Սերժի և չար չինովնիկների» մասին

«Սերժի՛կ, մնա՛» կամ հեքիաթ «Բարի Սերժի և չար չինովնիկների» մասին

«Անկախ» լրատվամիջոցների պահվածքից «զռռում» է, որ Բաղրամյան 26–ում շատ ծանր են տանում «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ը։ Դա հատկապես զգացվեց սեպտեմբերի 21–ի երթի ժամանակ. իշխանություններն ուզում էին այն դարձնել վիրտուալ բողոքի ակցիա, սակայն ստացվեց ինչպես միշտ, այն է՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր»։

Եվ ահա տղերքի (միգուցե նաև՝ աղջկերքի) մոտ «կրեատիվ» միտք է առաջացել։ Ըստ այդմ՝ տարածվում է, թե բա «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ը սխալ մոտեցում է, քանզի պետք է պայքարել քրեաօլիգարխիայի դեմ, իսկ Սերժ Սարգսյանը, ըստ «կրեատիվշիկների», ընդամենը դրա ոչ այնքան որոշիչ մասն է (քոռանամ ես, տեսնես ո՞վ է քրեաօլիգարխիայի որոշիչ հատվածը (երևի նախագահական նստավայրի պահակը))։ Այսինքն՝ առաջարկվում է «Սերժի՛կ, մնա՛» կարգախոսը, բայց ընդդիմադիրոտ բառապաշարի օգնությամբ։

Տխրահռչակ «Lragir.am» կայքը քաղաքացիական ու քաղաքական խմբերին առաջարկում է մոռանալ Սարգսյանին ու պայքարել, ասենք, տարատեսակ վարչության պետերի դեմ, քանզի «Սերժի՛կ, հեռացի՛րը» անտանելիորեն թեթևացնում է պայքարը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Մեկ այլ նորաբաց կայք էլ, վերցնելով գեբելսյան քարոզչամեքենայի «պասը», ուրիշ ռակուրսով է պաշտպանում Սերժ Սարգսյանին՝ դնելով արդեն քաղաքացիների մեղավորության հարցը։

Ստացվում է, որ երկրում առկա բոլոր բացասական երևույթների համար պատասխանատու են բոլորը, բացի Սերժ Սարգսյանից, ով «անկախ» մամուլի հորինած հեքիաթի համաձայն՝ բարի է, ուզում է պայքարել օլիգարխիայի դեմ ու մեզ տանել դեպի լուսավոր Արևմուտք, բայց չար չինովնիկներն ու է՛լ ավելի չար Պուտինը ճնշում են նրան ու չեն թողնում, որ աշխատի։ Այս հեքիաթի գլխավոր եզրահանգումն այն է, որ եկեք օգնենք օլիգարխիայի ձեռքը կրակն ընկած ՀՀԿ ղեկավարին ու պայքարենք քրեաօլիգարխիայի գլխավոր հենասյուների դեմ (օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կամ էլ որևէ նախարարության պահակի դեմ)։

Թե քանի չորքոտանու կկարողանան նման «կտերով» կերակրել Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի, կամ որ նույնն է՝ հայաստանյան իրական օլիգարխիայի շահերը սպասարկող լրատվամիջոցները, զուտ սպորտային հետաքրքրություն է ներկայացնում, քանզի բանականություն ունեցող մարդկանց համար պարզ է, որ ձուկը գլխից է հոտած և օրինախախտներին պետք է բռնել գլխից։

Սերժ Սարգսյանը վախենում է ոչ թե «Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսից, այլ այդ կարգախոսն օգտագործող մարդկանց քանակից։ Նա պաթոլոգիկ վախ ունի «փողոցից» և այդ իսկ պատճառով էլ նրան կցված լրատվամիջոցները և դավիթշահնազարյանատիպ «դհոլները» փորձում են տարատեսակ «մուտիլովկաներով» թույլ չտալ «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ի շուրջ կոնսոլիդացիա։ Եթե այդ կոնսոլիդացիան լինի, ապա «Սերժի՛կ, հեռացի՛ր» գոռալու կարիք ամենևին չի լինի։ Սերժ Սարգսյանն այդ դեպքում կհեռանա կամովին, առանց հոգեբանական էքսցեսների։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը