Տնտեսական

01.10.2013 17:14


ԲՀԿ պատգամավոր. «Ժամանակն է սթափվել»

ԲՀԿ պատգամավոր. «Ժամանակն է սթափվել»

Վերջին ժամանակներս Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում տնտեսական, սոցիալական և, ընդհանրապես, հանրային բնույթի այնպիսի գործընթացներ, որոնք կարող են անդառնալի բացասական նշանակություն ունենալ մեր պետության և ժողովրդի համար: Խոսքն առաջին հերթին երկնիշ գնաճի, աղքատության մակարդակի ավելացման, օտարերկրյա և տեղական ներդրումների շեշտակի կրճատման, բնակչության եկամուտների նվազման մասին է: Վիճակն առավել բարդ է նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում: Ո՞րն է այս ամենի պատճառը, և որքա՞ն պետք է շարունակվի այս գործընթացը: Բավական է նշել, որ 2013թ. հունվար-հուլիս ամիսներին գնաճը կազմել է 9.5%, բնակչության եկամուտների աճը՝ 4% (պետական հատվածում՝ 2.2%), օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 64%-ով, իսկ երկրորդ եռամսյակի տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.6%:

Ես կկարևորեի երեք հիմնական հիմնախնդիրներ.

  1. Նվազագույն աշխատավարձի կտրուկ աճը՝ այն հասցնելով 75.000 ՀՀ դրամի, քանի որ այսօր այն համարժեք է նվազագույն սպառողական զամբյուղին: Սա նշանակում է պահանջարկի խթանում: ԲՀԿ խմբակցության համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ է:
  2. Կտրուկ շրջադարձ հարկային քաղաքականության իրականացման ոլորտում: Նախ՝ այդ քաղաքականության հիմքում պետք է դնել ներդրումների խթանումը և նոր, որակյալ աշխատատեղերի ձևավորումը, աշխատանքի արտադրողականության աճը:

Այս առումով անհրաժեշտ է 2013թ. հունվարի 1-ից գործող նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով տնտեսվարող սուբյեկտի շահութահարկի ծախսերի նվազեցման ոչ ավելի, քան 30% շեմը հանել և ամբողջապես շահութահարկը «հաշվանցել» նոր աշխատատեղերի ստեղծման ծախսերով:

  1. Հաջորդը՝ իսկապես ժամանակն է, որպեսզի ԱԱՀ-ի գանձումը սահմանի վրայից տեղափոխվի կամ հետաձգվի, քանի որ դրանով իսկ մեր ձեռնարկատերերը վարկավորում են պետությանը տարեկան շուրջ 1 մլրդ դրամով, իսկ համապատասխան «տոկոսավճարների» չափը հասնում է տարեկան 100 մլն ԱՄՆ դոլարի։

Սա անընդունելի է:

ԲՀԿ-ի կողմից այս օրենսդրական նախաձեռնությունը նույնպես շրջանառության մեջ է: Թերևս կառավարությունը դրական եզրակացություն է տվել միայն մեր կողմից ներկայացված ԱԱՀ-ի երեք տարով հետաձգման շեմը 300 մլն դրամից 200 մլն դրամի հասցնելու օրենսդրական նախաձեռնությանը:

Եվ, վերջապես, մեթոդաբանորեն և մասնագիտորեն անընդունելի է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8-ից 8.5%-ի հասցնելը: Սրա նպատակն այն է, որ վարկային միջոցների նկատմամբ պահանջարկը նվազի, այսինքն՝ «թանկ փողերի» առկայությունը կհանգեցնի գնաճի նվազման: Սա հետամնաց և դասագրքային միջոց է, որը որևէ կապ չունի մեր իրականության հետ, թե՞ ՀՀ ԿԲ-ն գտնում է, որ այլընտրանք չունի, միջոց չունի, բայց ինչո՞ւ չունի: Իսկ ի՞նչ անեն այն հազարավոր, հատկապես գյուղաբնակ ՀՀ քաղաքացիները, ովքեր մի քանի տարի առաջ իրենց տունը գրավ են դրել, վերցրել 500 հազ.-ից 1 մլն ՀՀ դրամ, իսկ այսօր պարտքի չափը հասել է 4-5 մլն դրամի: Նրանք լքում են իրենց տները, բայց նաև երկիրը:

Ժամանակն է սթափվել և ճիշտ կառավարել մեր տնտեսությունը, մեր երկիրը…

Միքայել Մելքումյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Այս խորագրի վերջին նյութերը