Լրահոս

01.10.2013 15:31


Աղվան Հովսեփյանի եղբայրը չարաշահում չի համարում ՀՀԿ–ի օգտին դատախազի աշխատելը

Աղվան Հովսեփյանի եղբայրը չարաշահում չի համարում ՀՀԿ–ի օգտին դատախազի աշխատելը

ՀՀ նախկին գլխավոր դատախազի եղբայր, ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը չի նեղսրտել, որ Սերժ Սարգսյանն իր եղբորը գլխավոր դատախազի պաշտոնում չառաջադրեց։

–Բայց նորից գործի առաջադրեց, չէ՞,–նկատել է Ռ. Հովսեփյանը՝ միաժամանակ ցանկանալով, որ նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ավելի լավ աշխատի, քան իր եղբայրը։

Ինչ վերաբերում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման տարիների վերաբերյալ հնչեցված սուր քննադատություններին, Ռ. Հովսեփյանը դրանք անհիմն է համարում։

–Մի դեպք բերե՛ք,–պնդում է նա։

«7օր»–ի հիշեցմանը՝ մասնավորապես ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր ելույթում անընդունելի էր համարել, երբ գլխավորն դատախազն օգտագործում է իր պաշտոնը, դիրքը իր ազգականների համար այս կամ այն պաշտոնին հասնելու համար, Ա. Հովսեփյանի եղբայրն արձագանքել է.

–Մի ազգական կարո՞ղ եք ասել, որ Աղվան Հովսեփյանը գործի է նշանակել։ Փա՛ռք Աստծո, իմ պաշտոններն ընտրովի են՝ և՛ թաղապետի, և՛ ԱԺ պատգամավորի դեպքում։ Ես իր եղբայրն եմ, բայց իմ աշխատանքն էլ կարող եք Աջափնյակում նայել։

Էլինար Վարդանյանն անընդունելի էր համարել նաև, երբ գլխավոր դատախազը ընտրությունների փուլում քրեական գործ հարուցելու սպառնալիքով ստիպում է գյուղապետերին աշխատել իր նախընտրած կուսակցության համար։

–Դե՛պք ասեք,–կրկին պնդել է Ռ. Հովսեփյանը։

–Օրինակ՝ բոլոր ընտրությունները։

–Ի՞նչ, չարաշահե՞լ է։

–Բոլոր ընտրություններում Աղվան Հովսեփյանը չի՞ օգնել, որպեսզի ՀՀԿ–ն վերարտադրվի։

–Դա չարաշահելու դե՞պք է։

–Չարաշահում չի՞ նշանակում։

–Ո՛չ,–հայտարարել է Ռ. Հովսեփյանը և արագ մտել իր աշխատասենյակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը