Կարծիք

01.10.2013 15:05


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Որ մեր իշխանություններից ցինիզմն անպակաս է, չենք էլ կասկածել, բայց պարզվեց, որ այն նույնիսկ գերազանցում է իմ պատկերացումները: Այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկության պատճառը ոչ ավել, ոչ պակաս մարդասիրությունն է:

Բա, ժողովո՛ւրդ: Իսկ մենք՝ անշնորհակալ քաղաքացիներս, կարծում էինք, որ դրանով մարդն ուղղակի հերթական անգամ փորձում է սեփական PR–ն ապահովել: Պարզվում է՝ սխալվում էինք:

Եվ սկսում եմ կասկածել, որ նաև այլ հարցերում էինք «սխալվում»:

Մենք սխալվում ենք, երբ պնդում ենք, որ «Սերժ Սարգսյանի ավերիչ քաղաքականության պատճառով հազարավոր մարդիկ արտագաղթում են Հայաստանից»: Իրականում Սերժ Սարգսյանը, ելնելով մարդասիրական պատճառներից, պարզապես այդպես փորձում է ստիպել մարդկանց ավելի շատ ճանապարհորդել, որպեսզի մարդիկ ընդլայնեն իրենց աշխարհայացքը: Մենք սխալվում ենք, երբ հայտարարում ենք, թե «Սերժ Սարգսյանը խաբել է ժողովրդին՝ ասելով, թե գազի գինը չի թանկանա»: Իրականում Սերժ Սարգսյանը պարզապես չէր ուզում, որ մարդիկ անհանգստանան, և ընդամենը փորձում էր պահպանել մեր նյարդային համակարգը, քանի որ «նյարդային բջիջները չեն վերականգնվում»: Իսկ երկրում առկա քաղբանտարկյալների խնդիրը բացատրվում է նրանով, որ Սարգսյանը, ելնելով միայն ու միայն մարդասիրական միտումներից, պարզապես այդպես փորձում է հնարավորություն տալ մարդկանց հանգստանալ ակտիվ հասարակական կյանքից, և մի քանի տարի բանտում «փակելով»՝ ապահովել նրանց հանգիստը:

Մենք սխալվում ենք նաև, երբ հայտարարում ենք, որ «Սարգսյանի կողմից «օրվա կուրսով» վարվող արտաքին քաղաքականությունը վտանգում է մեր երկիրը»: Իրականում այդպես Սարգսյանը փորձում է ընդլայնել մեր գիտելիքները Թուրքիայի և թուրքական դիվանագիտության առանձնահատկությունների, ԵՄ-ի և ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև ՌԴ-ի և Մաքսային միության մասին. չէ՞ որ Սերժ Սարգսյանի ամեն հայտարարությունից հետո մենք ստիպված ենք քրքրել բոլոր տեղեկատվական աղբյուրները՝ փորձելով պարզել, թե «ինչ է նա որոշել եփել այսօր», և ինչ է այս անգամ պատրաստվում թափել մեր գլխին:

Սխալվում էինք նաև, երբ մեղադրում էինք Սարգսյանին «տոկոս խփելու մեջ», քանի որ մարդասիրությունն էր ստիպել նրան այդ քայլին դիմել, որպեսզի ՀՀ քաղաքացիները չկտրվեն իրենց առօրյա գործերից ինչ-որ մանր-մունր նախագահական և ԱԺ ընտրությունների պատճառով, և ծախսելով իրենց թանկագին ժամանակը՝ ստիպված չգնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու:

Զուտ մարդասիրական սկզբունքներից ելնելով է այդ մարդը հասել աթոռին մարտի 1-ի ողբերգության գնով:

Եվ, վերջիվերջո, հենց Սարգսյանի մարդասիրական որոշումների շնորհիվ ենք մենք ամեն օր քնելուց առաջ շնորհակալություն հայտնում, որ այսօր էլ դիմացավ Հայաստանը, և հենց այդ մարդասիրությունն է պատճառը, որ երկրի խոշոր ընդդիմադիր ուժերը միասին փորձում են ելք գտնել ստեղծված «մարդասիրական» իրավիճակից, իսկ հասարակությունն անդադար իշխանափոխության անհրաժեշտության մասին կոչեր է անում:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը