Քաղաքական

01.10.2013 16:40


ՕԵԿ–ականը ՀՅԴ պահվածքի մասին

ՕԵԿ–ականը ՀՅԴ պահվածքի մասին

ՕԵԿ–ական Հովհաննես Մարգարյանը նորմալ է գնահատում իշխանության հետ ՀՅԴ–ի համագործակցելը և Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելու հեռանկարը։ «7օր»–ի դիտարկմանը՝ չէ՞ որ ՀՅԴ–ն քննադատում էր Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը և պահանջում ԱԳ նախարարի հրաժարականը, ՕԵԿ–ականն արձագանքել է.

–Կան կուսակցական, ներքաղաքական և պետակա՛ն շահեր։ Անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ թե որ ճամբարից ես, եթե պրոֆեսիոնալ մասնագետն անհրաժեշտ է և հավուր պատշաճի կարող է իրեն վերապահված լիազորություններն իրականացնել, դա միմիայն պետք է դրական գնահատել։

Ինչպես հայտնի է, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր ՕԵԿ–ը կոալիցիա կազմեց իշխանության հետ՝ հայտարարելով, որ հանուն պետականության սեղմեց Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը։ Այժմ էլ ՀՅԴ–ն է հայտարարում, որ հանուն պետականության է Վահան Հովհաննիսյանը համաձայնել այս իշխանությունների ենթակայության տակ դեսպան աշխատել։ Այսինքն՝ ՀՅԴ վերնախավը, ՕԵԿ–ի պես, սեղմում է Սարգսյանի մեկնած ձեռքը։

Մեր հարցին՝ կարելի՞ է ասել՝ տարիներ անց ՀՅԴ–ն հասկացավ, որ ՕԵԿ–ը ճիշտ էր, և այսօր էլ ինքը գնաց ՕԵԿ–ի ճանապարհով, Հ. Մարգարյանը պատասխանել է.

–ՕԵԿ–ը հանուն մեր ժողովրդի ապագայի, հանուն մեր երկրի կայունության շատ ճի՛շտ ճանապարհով է գնացել։ Այն որոշումից, որը կատարեց ՕԵԿ–ը 2008 թվականին, տևական ժամանակ է անցել, և գնալով մարդիկ հասկացան, որ, այո՛, դա չի եղել մեր սեփական շահերի համար։ Մենք մեզ մեկնած արժանապատիվ ձեռքը սեղմեցինք հանուն մեր ժողովրդի։ Հիմա որ ասում եք այդ ճանապարհով, ես հենց դա եմ ասում՝ մենք գնացել ենք ազգօգուտ ճանապարհով, մենք գնացել ենք կանխատեսելի ապագա ունենալու ճանապարհով, ոչ թե արկածախնդրության։

ՕԵԿ–ականը խոստովանել է, որ իրենց այդ քայլի մասին տարիներ շարունակ տարբեր գնահատականներ են հնչել, բայց ամենաարդար դատավորը ժամանակն է, և այն ամեն ինչ իր տեղը կգցի։

–Աստիճանաբար բոլորն էլ կհասկանան՝ ՕԵԿ–ի ճանապարհը ճի՛շտ էր, և չեմ կարծում, որ ձեր համեմատության մեջ կա ինչ–որ ոչ դրական քայլ։ Մեր ճանապարհը նորմալ, մարդկային ու արժանապատվության ճանապարհ է եղել, և ցանկացած անհատ, քաղաքական գործիչ, քաղաքական ուժ եթե հանուն իր ժողովրդի քայլ է կատարում, ողջունելի է։ ՕԵԿ–ի ճանապարհը լա՛վ, օրինակելի՛ ճանապարհ է,–ավելացրել է Հ. Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը