Լրահոս

01.10.2013 11:18


Գագիկ Ջհանգիրյանը դեմ է այսքան հաճախակի համաներումներին

Գագիկ Ջհանգիրյանը դեմ է այսքան հաճախակի համաներումներին

Քիչ առաջ ԱԺ պետական–իրավական հանձնաժողովն իր փակ նիստում դրական եզրակացություն տվեց համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկին։

Նիստից հետո «7օր»–ի թղթակիցը զրուցել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ.

–Այս համաներումը տարածվո՞ւմ է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա։

Տեքստը քննարկել ենք, բայց քանի որ փակ նիստ է եղել, հիմա չեմ կարող կոնկրետ անձանց մասին ձեզ բան ասել։ Տիգրան Առաքելյանը բավական երկար ժամանակ անազատության մեջ է, հուսով եմ՝ մի քանի ժամ էլ կսպասի, մինչև լուրը (դրական, թե բացասական) տեղ հասնի։

–Տեսակետ կա, որ համաներումը հենց Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու համար է արվում։

–Չեմ կարծում։ Մի մարդու քրեական պատասխանատվությունից ազատելու կամ չազատելու համար ամնիստիա չեն անում։ Այ, 2009, 2011 թվականների ամնիստիաներն, այո՛, հիմնականում քաղբանտարկյալներին ազատելու համար էին։ Բայց էլի ահագին ստվար խումբ ազատվեց, էլի պատիժները կրճատվեցին, լրացուցիչ պատիժներից ներեցին և այլն։

–Բայց իշխանությունը մի տեսակ պատին դեմ չէ՞ր առել Տիգրան Առաքելյանի գործով. ոչ այն է՝ ազատ արձակեր, ոչ այն է՝ չարձակեր։

–Իշխանությունը նույնիսկ հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության պայմաններում պատին դեմ չէր առել։

–Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված համաներում հայտարարելու Սերժ Սարգսյանի մղումը։

–Չեմ կարող ասել, ճիշտն ասած։ Բայց քանի որ համաներումն արդեն փաստ է, կարող եմ միայն ասել, որ ինքս դեմ եմ ամեն տարի կամ երկու տարին մեկ համաներման ակտի ընդունմանը. այդպես պատժողական քաղաքականության հերն անիծվում է։

–ՀԱԿ խմբակցությունը կո՞ղմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի առաջարկությանը։

–Հումանիստական ակտ է, դժվար որևէ արգումենտ որևէ խմբակցություն ունենա դեմ քվեարկելու համար։ Գուցե ոչ բոլորի առաջարկությունները վերջնական տեքստում արտացոլում գտնեն, բայց դեմ քվեարկելը շատ սխալ է։

–Անգամ Դո՛ւք կողմ կքվեարկեք՝ դեմ լինելով հաճախակի համաներումներին։

–Անպայման։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը