Կարծիք

28.09.2013 11:54


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ ոլորտների զարգացածության աստիճանը խոսում է պետության որպիսության մասին: Սակայն ոլորտներում առկա հաջողություններն ու անհաջողությունները, կայացածությունն և հակառակը հետևանք են երկրում իրականացվող քաղաքական կուրսի: Չի կարող կայանալ պետություն, այն էլ՝ ժողովրդավարական, եթե քաղաքական կուրսը չի արտացոլում պետական և ազգային շահեր, ադեկվատ չի պատասխանում մարտահրավերներին ու չի գնում բնականոն արդիականացման: Քաղաքական կուրսն իրականացնելիս կառավարող և վարչական էլիտան պետք է հստակ պատկերացում ունենա երկրում առկա խնդիրների, հասարակության սպասումների ու ակնկալիքների վերաբերյալ. հակառակ դեպքում կորում է գործընթացներին ու քաղաքական երևույթներին ճիշտ ու գրագետ արձագանք տալու ունակությունը: Այսօր ՀՀ պետական կառավարման համակարգում տիրում է քաղաքական կուրսի այնպիսի մի մոդել, որը չի արտացոլում ՀՀ շահերը: Իշխանություն իրականացնող էլիտան կտրված է իրականությունից, ինչն ավելի է խորացնում տեղից երկրում առկա վատ վիճակը. շարունակական լարված ու ճգնաժամային տրամադրությունների խորացումը կարող է բերել իշխանափոխության ռադիկալ միջոցներով: Այդ իսկ պատճառով լավագույն տարբերակը կլինի պետության ներկայիս լիդերի ու ձևավորված կառավարության համար, որ ինքնակամ հրաժարվեն իշխանությունից ու չտանեն երկիրը վերջնական կործանման: Ամեն դեպքում, այն պարզ ճշմարտությունը, որ պետությունը գերակա արժեք է, ոչ ոք չի վիճարկել: Հանրության կողմից դա կընդունվի որպես քաղաքական կամքի գործնական դրսևորում մի իշխանությունից, որը երբեք ոչ մի հարցում ոչ մի քաղաքական կամք չի ցուցաբերել: Այսպիսով, ձախողակ քաղաքական կուրս վարող իշխանությունը պետք է օր առաջ վայր դնի իշխանությունը:
P.S Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքով մե՛կ ԵՄ-ի գիրկը գցվելով, մե՛կ Ռուսաստանի, երկրում ձևավորվել է երկու բլոկ (իհարկե, կա և երրորդ բլոկ՝ «հայամետների», ցավոք, բավականին սակավաթիվ)՝ «արևմտամետների» և «ռուսամետների», որը ոչ այլ ինչ է, քան հասարակության պառակտում ՆԵՐՍԻՑ, ու ում կողմից՝ պետության գլուխ կանգնած լիդերի: Եվ այս ամենն արդեն կառավարման վերին օղակներում է դրսևորվում, և, ավելին ասեմ, քաղաքական թիմակիցների շրջանում, կարծում եմ՝ բոլորդ հասկացաք, թե ինչ և ում ի նկատի ունեմ:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը