Լրահոս

27.09.2013 19:48


Մաքսային բարեփոխումներ Հայաստանում

Մաքսային բարեփոխումներ Հայաստանում

ԱյսօրԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (AmCham) անցկացրեցին համաժողով ՝ նվիրված Հայաստանում մաքսային բարեփոխումների վերջին զարգացումներին: Համաժողովի նպատակն էր խթանել երկխոսություն գործարար համայնքի և պետական մարմինների միջև, քննարկել միջազգային ստանդարտների ու լավագույն փորձի կիրառումը Հայաստանում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) համաձայնագրերի հիման վրա:

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին քաղաքացիական և ռազմական նպատակների համար կիրառվող ապրանքների և տեխնոլոգիաների (երկակի նշանակության ապրանքների) արտահանմանն ու ներկրմանը, փոստային առաքումներին, մաքսային խախտումներին և լիցենզավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ծանոթացան օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթին, որը մշակվում է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից՝ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությամբ: Ներկայացվեց տարբեր երկրներում հաջողված մաքսային բարեփոխումների փորձը: Գործարար համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան վեր հանելու առկա խնդիրները և ուղղելու իրենց հարցերը պետական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներին և տեղական ու միջազգային փորձագետներին: Համաժողովի երկրորդ մասում մասնակիցները ծանոթացան Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտին, որը բիզնեսի շահերից բխող մաքսային ռիսկերի կառավարման գործիք է:

Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ ֆինանսների նախարարության Պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Դիանա Ղազիյանը:

Համաժողովի ելույթներում կարևորվեց Հայաստանի մաքսային համակարգը բարելավելու և ԱՀԿ-ի և ՀՄԿ-ի միջազգայնորեն կիրառվող ստանդարտների ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև այս գործընթացում բիզնեսի շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը:

Այս խորագրի վերջին նյութերը