Կարծիք

26.09.2013 17:54


Սերժ Սարգսյանը կրկին չհանդիպեց Պուտինի հետ

Սերժ Սարգսյանը կրկին չհանդիպեց Պուտինի հետ

և դա կարծես դառնում է օրինաչափություն

Չնայած Սերժ Սարգսյանի անսպասելի շրջադարձին դեպի Մաքսային միություն՝ Ռուսաստանը կարծես չի գնահատում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փաստացի փոփոխությունը և շարունակում է ոչ գործընկերական, նույնիսկ արհամարհական վերաբերմունքը Ս. Սարգսյանի նկատմամբ:

Սա արդեն երկրորդ այցն է ՌԴ, որի ընթացքում Սերժ Սարգսյանը չի կարողանում հանդիպել Վ. Պուտինի հետ: Ընդ որում, սեպտեմբերի 17-ին Մոսկվայում առաջնորդանիստ Սուրբ պայծառակերպության եկեղեցու բացման արարողությանը չկային ոչ միայն ՌԴ նախագահը, այլև վարչապետը: Ռուսաստանում ապրող հայերի համար այդ կարևոր միջոցառմանը չէր մասնակցում նույնիսկ անսպասելիորեն Ս. Սարգսյանի շնորհավորականը ստացած Մոսկվայի քաղաքապետը:

Այդ անձանց բացակայությունը յուրահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով այն, թե ինչ ներկայացացուցչական էր ՌԴ-ում ապրող հայերի մասնակցությունը եկեղեցու բացմանը: Այլ պայմաններում ՌԴ վարչապետի, առավել ևս՝ Մոսկվայի քաղաքապետի համար պատիվ պետք է լիներ մասնակցել մի արարողության, ուր ներկա էին ամենաբարձրաստիճան պետական այրեր ռազմավարական գործընկեր Հայաստանից, ՌԴ ամենանշանակալի հարկատուներ, բարերարներ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Արա Աբրահամյանը, Ռուբեն Գրիգորյանը, Վիտալի Գրիգորյանցը, Լևոն Հայրապետյանը, շատ ուրիշներ, ռուսաստանյան բոլոր կրոնական միավորումների առաջնորդները: Պատահական չէ, որ բոլոր ներկաներն ակնկալել են ՌԴ ղեկավարության ներկայությունը երկար սպասված եկեղեցու օծման արարողությանը, և կարելի է պատկերացնել՝ որքան մեծ էր ներկաների հիասթափությունը, երբ ոչ միայն ՌԴ նախագահը, այլև վարչապետն ու անգամ քաղաքապետը, որի՝ առաջին փուլով ընտրվելու գործում մոսկվաբնակ հայերի դերակատարությունը մեծ է եղել, ներկա չեն եղել մեր հայրենակիցների կողքին:

Կարելի է վստահությամբ պնդել, որ ներկաները չէին կարող չհասկանալ, որ նման անախորժ իրավիճակի պատճառը միայն Սերժ Սարգսյանն է և նրա վարած քաղաքականությունը, որի արդյունքում ՌԴ-ն կորցրել է իր վստահությունը Հայաստանի նկատմամբ: Սա ակնհայտ է, և կարելի է պատկերացնել, թե ինչպիսի «ջերմ» զգացմունքներ ունի ռուսաստանաբնակ հայությունը, որի թիվը, ՌԴ նախագահի գնահատականներով, հասնում է 2,5 միլիոնի, ՀՀ ներկա իշխանությունների նկատմամբ, որոնց գործողությունների պատճառով տուժում է համայնքը:

Սեպտեմբերի 23-ի ՀԱՊԿ գագաթնաժողովը Սոչիում վկայեց, որ Դաշնության և Մոսկվայի վերնախավի բացակայությունը հայ համայնքի համար տասնամյակի ամենակարևոր միջոցառմանը պատահականություն չէ: Այսպես, Սոչիում Վ. Պուտինը ունեցել է երկկողմ հանդիպումներ ՀԱՊԿ անդամ այլ երկրների ղեկավարների հետ, բայց ոչ Ս. Սարգսյանի: Վերջինիս մնաց բավարարվել իր ամենահավատարիմ կոլեգայի ՝ նախագահական ընտրություններից հետո Հայաստան ժամանած միակ նախագահ Լուկաշենկոյի հետ շփումով:

Մասնագետների, դիվանագետների աչքից չվրիպեց նաև Ս. Սարգսյանի ելույթը Սոչիում, որը որոշակի ուղղվածություն ուներ ՀԱՊԿ որոշ գործընկերների դեմ: Դաշնակիցների հետ (արդեն նաև Մաքսային միության շրջանակներում) չեն հարաբերվում հրապարակային նախատինքների միջոցով, զգայուն հարցերը չեն հանում հրապարակային քննարկման, եթե խոսքը գործընկերների մասին է: Նման խնդիրները լուծվում են փակ բանակցությունների, քննարկումների միջոցով՝ չհանելով առկա տարաձայնությունները ի տես աշխարհի (հուրախություն մեր հակառակոդների): Սա հերթական դիլետանտական քայլն էր, որն արդյունք է ՀՀ ԱԳՆ և Ս. Սարգսյանի արտաքին քաղաքական թիմի ոչ պրոֆեսիոնալիզմի և անգործության: Սերժ Սարգսյանի հուսահատ ելույթը պարզ խոստովանություն էր, որ ՀՀ իշխանություններին չի հաջողվել երկկողմ հարաբերությունների շրջանակներում ՀԱՊԿ և ՄՄ անդամ պետությունների հետ ստեղծել այնպիսի հարաբերություններ, որոնք կբացառեին վերջիններիս միանալը հակահայկական փաստաթղթերին:

Սեփական երկրում պետական մակարդակով ժողովրդի թալանը կատարելագործած, բնակչությանը ծայրաստիճան աղքատության հասցրած, միջազգային ասպարեզում հիմնովին խճճված Ս. Սարգսյանը հիմա էլ ձեռնամուխ է եղել հայկական համայնքների հեղինակազրկմանը: Ս. Սարգսյանի չմտածված քայլերի հետևանքով նախ թուլացավ ԱՄՆ-ում հայկական համայնքը, որի դերն ու նշանակությունը, ազդեցությունը քաղաքական որոշումների վրա զգալիորեն անկում ապրեց հայ-թուրքական նախաձեռնությունների արդյունքում: Այսօր էլ հերթը հասավ Ռուսաստանին:

Վլադիմիր Կարապետյան

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/18872.html

Այս խորագրի վերջին նյութերը