Կարծիք

26.09.2013 14:00


Միակ պատախանատուն Սերժ Սարգսյանն է, այլ ոչ թե ՌԴ-ն, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը...

Միակ պատախանատուն Սերժ Սարգսյանն է, այլ ոչ թե ՌԴ-ն, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը...

Երեկ մի հետաքրքիր բանավեճի էի մասնակցում, որի հիմնական հարցն էր՝ «Անկա՞խ է արդյոք մեր պետությունը իր արտաքին քաղաքականության մեջ»: Եվ, բնականաբար, հնչեցին կարծիքներ, թե՝ «Ո՛չ, մենք անկախ չենք, քանի որ փոքր պետություն ենք, և մեր տեղը արդեն ամեն ինչ որոշված է»:
Ես, իհարկե, չհամաձայնեցի այդ տեսակետին: Ինչպես ցույց տվեցին 2008-ից սկսած բոլոր իրադարձությունները, մենք բոլորովին էլ անկախ ենք ընտրել մեր արտաքին, ինչես նաև ներքին քաղաքական կուրսը: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն ինքն էր հայտարարել կոմպլեմենտար քաղաքականության վերջը (որի ժամանակ, ի դեպ, մենք ունեինք բավական լավ հարաբերություններ թե՛ ՌԴ-ի և թե՛ արևմուտքի հետ, ինչի մասին վկայում են նույնիսկ այն ֆինանսական ներդրումները, որոնք արվել են մեր երկրի տնտեսության մեջ) ու նախաձեռնողական քաղաքականության սկիզբը, որի շրջանակներում մեկնարկել էր տխրահռչակ «ֆուտբոլային դիվանագիտության» փուլը, իսկ հետո, խայտառակ արդյունքների պատճառով, Սարգսյանը ստիպված եղավ 49 տարով երկարաձցել ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը: Հենց Ս. Սարգսյանն է որոշում կայացրել վարել «և-և»-ի քաղաքականությունը, ինչի արդյունքում ՀՀ-ն ստացել է «անվստահելի գործընկեր միջազգային հարաբերություններում» «վաստակավոր» կոչումը, իսկ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի պատրաստվող նախաստորագրումն ուղղակի սպառնում էր Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Եվ այդ ամենի հետևանքով Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հայտարարել Մաքսային միությանը միանալու պատրաստակամության մասին:
Մի խոսքով, այն, որ մենք հայտնվում ենք այսպիսի խայտառակ իրավիճակներում, կախված է միայն ու միայն միանձնյա որոշումներ կայացնող Սերժ Սարգսյանից, քանի որ հենց իր կողմից հռչակված «նախաձեռնողական քաղաքականության» շրջանակներում էին կայացվում ու շարունակվում են կայացվել անհեռատես որոշումներ, որոնց պատճառով Հայաստանը կանգնել է ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առջև: Եվ միակ պատախանատուն հենց Սերժ Սարգսյանն է, այլ ոչ թե ՌԴ-ն, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը, ովքեր ընդամենն օգտվում են Սարգսյանի անսկզբունքայնությունից՝ ելնելով, ի տարբերություն ոմանց, սեփական երկրների շահերից:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը