Քաղաքական

25.09.2013 12:31


Գ. Իսագուլյան. «Քաղաքական վերնախավն անունակ է իր մեջ հարցեր առաջ քաշել» (տեսանյութ)

Գ. Իսագուլյան. «Քաղաքական վերնախավն անունակ է իր մեջ հարցեր առաջ քաշել» (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն այսօր հրավիրված ասուլիսում վստահություն է հայտնել, որ չլիներ սեպտեմբերի 3–ը՝ Մաքսային միությանը միանալու հայտարարության օրը, այլ լիներ նոյեմբերին Վիլնյուսում փաստաթուղթ ստորագրելը, միևնույն վիճակն էր տիրելու։

–Ամսի 3–ին մենք հայտարարեցինք՝ այլևս ունակ չենք մեր անվտանգությունն ապահովելու, բայց ինչո՞ւ հանգեցինք այս խնդրին, որովհետև մեր քաղաքական վերնախավը զբաղված էր բացառապես մեկ խնդրով՝ ինչպե՞ս անել, որ վերարտադրվի, և այդ ժամանակ ծախսեց մեր ողջ ազգային և պետական կապիտալը։

Բանախոսը նաև ընդգծել է, որ այս և այլ ահազանգերը հնչեցրել է դեռ տարիներ առաջ։ Օրինակ՝ իր ղեկավարած ՀՀ նախագահին կից քաղաքական հետազոտությունների ինստիտուտը դեմ է արտահայտվել հայ–թուրքական արձանագրությունների ստորագրմանը, և, Իսագուլյանի խոսքերով, բնական էր, որ 2011թ. այն պետք է փակեին։

«7օր»–ի հարցին՝ այդ ինստիտուտը Սերժ Սարգսյանի կողմից փակելն արդյոք չի՞ փաստում, որ նա միանձնյա գիշերային որոշումներ կայացնող ղեկավար է, և ի՞նչ հետևանքների դա կարող է հանգեցնել, Իսագուլյանը պատասխանել է.

–Ինտիտուտը փակվելուց առաջ զրույց ունեցել եմ ՀՀ նախագահի հետ։ Ես հարցը դրել եմ այսպես՝ եթե ե՛ս եմ խնդիրը, ի՛նձ ազատեք աշխատանքից, բայց Քաղաքական հետազոտությունների ինտիտուտը մի՛ փակեք։ Ինձ ասացին, որ, համենայնդեպս, այդ հարցն այսօր օրակարգում չէ։ Իսկ նախագահի հետ հանդիպումից ընդամենը 20 օր հետո ինձ կանչում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը և մեկնում Կառավարության որոշումը։ Չեմ էլ զգացել, որ իմ աչքերից արցունք է հոսում։ Ասացի՝ լա՛վ, սա ի՞նչ է։ Պարզվեց, որ վերլուծություններ, կանխատեսումներ, հետազոտություններ և այլ ծրագրեր առաջարկելն իմաստ չունի։ Ինձ պարզ տեքստով են ասել, որ մենք դրա կարիքը չունենք, մե՛նք են որոշում։ Իրավիճակն արդեն իսկ հեղափոխական է, հարկավոր է ամեն ինչ անել դրանից խույս տալու համար։

Գ. Իսագուլյանը նաև պնդել է, որ իշխող կոալիցիան՝ քաղաքական վերնախավը, անունակ է իր մեջ ինչ–որ հարց դնել քննարկման և հանգել վերլուծության։

–Այնտեղ բացառապես գործում է մեկ մեխանիզմ՝ վերևից ասվեց մի միտք, բոլորը կրկնելու են։ Վաղը վերևից ասվեց բոլորովին հակառակ միտքը, միևնույն է, բոլորը կրկնելու են։ Սա քաղաքական անմեղսունակություն է։ Չկա իշխանության մեջ այն մարդը, ով ունակ է բարձրաձայնել, որ ինքը որևէ մի տեսակետի հետ համամիտ չէ, և պետք է հանգել մեկ այլ տեսակետի, որը հակասում է ՀՀ նախագահի տեսակետին,–ասել է բանախոսը։

Որպես ստեղծված իրավիճակից լուծում՝ Գ. Իսագուլյանը տեսնում է Նախագահների խորհուրդ ձևավորելը։ Նա պատրաստվում է դիմել ՀՀ բոլոր նախագահներին և առաջարկել նախաձեռնել առաջին, երկրորդ և երրորդ նախագահների հանդիպում, որպեսզի նրանք քննարկեն երկրի համար խնդրահարույց հարցերը և միասին հանգուցալուծում գտնեն։

–Նվազագույնը պետք է լինի գոնե երեք նախագահներից ցանկացած երկուսի հանդիպում։ Սա միակ ձևաչափն է, որտեղ զրույց կգնա հավասարը հավասարի հետ։ Սա կլիցքաթափի իրավիճակը և հավատ կառաջացնի։ Դա անհրաժեշտ է իրավիճակ փոխելու համար։ Մենք այսպես շարունակվելու դեպքում կորցնում ենք ամե՛ն ինչ։ Սերժ Սարգսյանին այս քայլին գնալ պետք է դրդի երկրի մասին մտահոգությունը,–նշել է Իսագուլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը