Լրահոս

24.09.2013 11:59


Արմեն Պողոսյան. «Քաղաքապետարանից հրավերք են ուղարկել՝ առանց օրը, ժամն ու օրակարգը նշելու»

Արմեն Պողոսյան. «Քաղաքապետարանից հրավերք են ուղարկել՝ առանց օրը, ժամն ու օրակարգը նշելու»

Հարցազրույց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հետ

–Խոսակցություններ կան, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը ցանկանում է դարձնել 200 դրամ, այլ ոչ բարձրացնել 50 դրամով։ Ի՞նչ տեղեկություն ունեք այդ մասին։

–Նախ ասեմ, որ Երևանի քաղաքապետարանն աշխատում է անթույլատրելիորեն դանդաղ։ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ 2 ամսվա ընթացքում հանձնաժողով կձևավորեն և կքննարկեն տրանսպորտի թանկացման հարցը։ Բայց այդքան երկար չպետք է տևեր. ես խիստ դժգոհ եմ։ Ինձ ընդամենը 4 օր առաջ է եկել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերը։

–Ո՞ր օրն է նախատեսված նիստը։

–Ոչ մի բան հայտնի չէ։ Հրավերում նշված չեն ո՛չ օրը, ո՛չ ժամը։ Ուղղակի ինձ ասել են, որ շուտով։ Իսկ այդ ձևով խոսում էին միայն Հարուն ալ Ռաշիդի ժամանակ։ Նույնիսկ օրակարգը չկա։ Բայց չէ՞ որ մենք պետք է իրենց վերլուծությունները մեր ձեռքի տակ ունենանք, որ մենք էլ մերը ներկայացնենք։

–Գուցե կանչում են Ձե՞զ լսելու։

–Մենք Սոֆոկլեսը չենք, որ մեզ լսելու կանչեն։ Ես դեմ եմ այդ մոտեցմանը. դա զավեշտ է։

–Հրավերը գրավոր չի եղե՞լ։

–Գրավոր է, բայց միայն գրված է՝ Դուք հրավիրվում եք։ Թե երբ կկայանա նիստը, հայտնի չէ։ Ինձնից համաձայնություն են վերցրել, որ ես մասնակցելու եմ։

–Իսկ ուղեվարձի սակագինը միանգամից 200 դրամ դարձնելը հնարավո՞ր է։

–Ես դա լուրջ չեմ համարում, որովհետև ռեալ չէ։ Կա հասարակական ընդվզում, կան վերլուծություններ, որոնք խոսում են սակագինը պահպանելու կամ նույնիսկ իջեցնելու մասին։

–Իջեցնելու հնարավորություն կա՞։

–Այո՛, իհա՛րկե։ Բնական է, որ ավտոմասերը, գազի գինը թանկացել են, բայց տրանսպորտի սակագնի իջեցման հնարավորություն ես տեսնում եմ։ Տնտեսության մեջ մի քայլանոց լուծումներ չեն լինում, այսինքն՝ միանգամից իջեցնել չի լինի։ Բայց մենք կարող ենք ամբողջ գույքը միավորել մի բաց բաժնետիրական ընկերության մեջ։ Կան տրանսպորտային միավորներ, որոնք աշխատում են վնասով, և կան այնպիսիք, որոնք աշխատում են օգուտով։ Բացի այդ, մենք 250 ավտոբուս ենք նվեր ստացել, իսկ այդպիսի դրախտային պայման աշխարհում ոչ մի քաղաք չունի։ Այդ ամենը որ միջինացնենք, կստացվի՝ պետք է խոսենք էժանացնելու մասին։

–Իսկ բացառո՞ւմ եք տարբերակը, որ սկզբից ուղղակի հայտարարեն 200 դրամ դարձնելու մասին, բայց հետո, իբրև թե ընդառաջ գնալով հասարակական ընդվզմանը, «բարի կամք» դրսևորեն և իջեցնեն 150։

–Դա հնարք է, որը միշտ կիրառում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Դա կլինի հնարք, այլ ոչ թե լուծում։ Դա կլինի մուկն ու կատվի մի տարբերակ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը