Կարծիք

21.09.2013 23:46


Կիմա Եղիազարյան.

Կիմա Եղիազարյան.

Գաղջ անկախություն. մեղքը մերն է

Օրվա առիթով հնչող «ծնծղաները», վերամբարձ ու վերացական կենացները չեմ հասկանում...

Նախ ինքդ պետք է քեզ հարց տաս՝ դու իբրեւ ՀՀ քաղաքացի որքանով ես անկախ, քո քայլերն ու գործողությունները կատարելիս, որոշումներ ընդունելիս դու անկա՞խ ես արդյոք, թե՞ ոչ:

Եթե անկեղծ լինես՝ կխոստովանես, որ դու իբրեւ քաղաքացի անկախ չես, ավելին՝ ստրուկ ես: Հայաստան պետությունը որպես կազմակերպված պետություն չի կայացել այնքան, որ նրա քաղաքացիները իրենց ազատ ու անկախ զգան: Միանգամայն հակառակը:

Շատերը չափազանցություն կհամարեն, բայց կարծում եմ՝ դեռեւս տիրապետողը մնում է ստրուկների եւ ստրկատերերի «փոխգործակցությունը»: Հետեւաբար՝ պետք չէ անկախությունը կամ կախյալությունը պայմանավորել այս կամ այն գերտերությանը «կցվելու» եւ կամ՝ «չկցվելու» հանգամանքով:

Նախ՝ երկրիդ ներսում պետք է կարողանաս հասնել քաղաքացիների իրական անկախությանն ու ազատությանը, ինչը պետք է ապահովի քո պետությունը: Եթե սա չկա, ապա շարունակելու ես ապրել ու գործել որեւէ գերտերության թեւի տակ եւ նրա ցուցումով:

Միայն անկախ ու ազատ քաղաքացին կարող է իր ձայնը չվաճառել եւ թույլ չտալ, որպեսզի իշխանությունը ուզած տոկոսը խփի:

Միայն անկախ ու ազատ քաղաքացին է ի զորու ներգործել իշխանությունների վրա, վերջինիս ստիպելով գործել օրենքի շրջանակներում՝ հանուն երկրի եւ ժողովրդի: Ինչպես ինքը՝ քաղաքացին է ձգտում լինել օրինավոր, հարգել պետությունը եւ առնվազն չվնասել երկրին ու ժողովրդին:

Միայն անկախ ու ազատ քաղաքացին կարող է պարտադրել իշխանություններին հաշվետու լինել հասարակության առջեւ, դառնալ պատասխանատու իշխանություն եւ ցանկացած հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել քաղաքացիների մեծամասնության կարծիքը:

Բայց քանի որ անգամ անկախության հռչակումից 22 տարի անց էլ մեզանում քաղաքացիական ինքնագիտակցությունը շարունակում է մնալ շատ ցածր մակարդակի վրա, երբ ժողովրդի մեծամասնությունը հանդուրժում ու հարմարվում է իրեն ստորացնող եւ կեղեքող «մեծավորներին» ու «տերերին» եւ նրանց ստեղծած իրականությանը, ապա ունենք այն, ինչ ունենք:

Աղքատություն, գործազրկություն, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության անմխիթար վիճակ, արտագաղթ եւ գաղջ մթնոլորտ:

Իսկ նման իրավիճակում, երբ դու իբրեւ քաղաքացի չես ընդվզում, չես պահանջում, չես պարտադրում՝ քո չընտրած իշխանությունը իրեն կարող է թույլ տալ վարվել քեզ հետ այնպես, ինչպես ստրուկի հետ:

Իրենց հերթին՝ քո «մեծավորներն» ու «տերերն» էլ իրենց անվերահսկելի իշխանությամբ երկիրը կարող են հասցնել մի վիճակի, որ այլեւս դառնում են ստրուկ կամ խամաճիկ գերտերությունների ձեռքին ու վերջում էլ ինքնագլուխ որոշմամբ գնում ու կուչ են գալիս իրենց համար նախընտրելի գերտերության պատերի տակ՝ վերջինիս հանձնելով երկրի անկախության բանալին:

Այնպես որ՝ եկեք ոչ թե ողբանք անկախության հնարավոր կորստի համար, այլ՝ առաջին հերթին մեղադրենք ինքներս մեզ, որ այսքան տարի դեռ չենք ցանկանում դառնալ անկախ ու ազատ քաղաքացի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը