Լրահոս

21.09.2013 11:13


Մանվել Եղիազարյան. «Դառնանք կայուն և հասնենք քաղաքական ռևանշի ժողովրդի հետ միասին»

Մանվել Եղիազարյան. «Դառնանք կայուն և հասնենք քաղաքական ռևանշի ժողովրդի հետ միասին»

Հարցազրույց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ

–Այսօր նշում ենք ՀՀ անկախության օրը, բայց այդ անկախության համար պայքարած ազատամարտիկները դուրս են եկել հրապարակ և այսօր էլ պայքարում են երկրի ապագայի ու իրենց իրավունքների համար։ Արդյոք սա՞ էր անկախության գինը։

–Ես կանգնած եմ այն տղաների կողքին, ովքեր ուզում են արմատակա՛ն փոփոխություններ, ովքեր ուզում են՝ հայրենիքը կարգի գա։ Մենք ուզում ենք մեզ հայ զգալ, որ ժողովուրդը չգաղթի, չփախչի։ Մենք չենք անձնավորում պայքարը. մեր անձնականի համար ոչինչ պետք չէ։ Մենք ուզում ենք, որ երկիրը փրկվի, և այդ պահանջն արդարացված է, դա այսօրվա հրամայակա՛նն է։ Առանց հայերի Հայաստան մեզ պե՛տք չէ. մենք հայերի համար ենք կռվել ու կռվում։

–Այսօրվա իշխանությունը գոնե մի չնչին մասով ընդառաջո՞ւմ է ազատամարտիկների պահանջներին։

–Այսօր մեզ համար դա էական նշանակություն չունի։ Մեզ համար կարևորն այն է, որ հրապարակում ժողովուրդը հավաքվի, քաղաքական այրերը, մտավորականությունը հավաքվեն իրար գլխի, և որոշենք՝ պայքարի ինչ ճանապարհ ընտրենք։

–Որոշ լուրեր են պտտվում, որ պայքարող ազատամարտիկների շրջանում իշխանությունների կողմից մի քանի դրածոներ են ներդրվել, որոնց նպատակը ձեզ պառակտելն է։ Դուք նկատե՞լ եք այդպիսի բան։

–Անձամբ ես չեմ լսել, բայց դա նորություն չէ։ Դա հնից եկած մեթոդ է և այսօր էլ շարունակվում է։ Մենք այնքան պետք է հասուն լինենք մեր պայքարի մեջ, որ այդպիսի մեթոդներով չկարողանան մեզ տրոհել։ Ընդհակառակը՝ դառնանք կայուն և հասնենք քաղաքական ռևանշի ժողովրդի հետ միասին։ Ժողովրդի, քաղաքական ուժերի հետ վերջապես կարգի բերենք մեր երկիրը։ Մի ժամն անգամ մեզ համար վտանգավոր է, որ Հայաստանն այս վիճակում մնա։

–Ինչպե՞ս կմեկնաբանեք ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու փաստը։ Պայքարը ճնշելու համար արդյոք իշխանությունն արդեն չի՞ անցել ռեպրեսիվ մեթոդների։

–Գիտե՛ք, Վոլոդյա Ավետիսյանը կարծես թե լոյալ էր. իշխանությունների, վարչապետի, նախարարի հետ էր հանդիպում։ Նրան կարելի էր կանչել, զրուցել, և եթե խախտել էր օրենքը, կարգի հրավիրել։ Իհարկե, եթե Հայաստանում այսպիսի ալան–թալան չլիներ, ես կողջունեի օրենքի տառը, բայց մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է երկիրը. մարդասպան են բաց թողնում, քաղաքապետարանը միլիարդներ է աշխատում, օֆշոր են անում, արտասահմաններով են ման գալիս, իսկ Վոլոդյա Ավետիսյանին 2000 դոլարի համար ձերբակալում են։

–Եթե անգամ նրա մեղքն ապացուցվի, միևնույն է, տարօրինակ չէ՞, որ հենց հիմա՛ նրան ձերբակալեցին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նա դուրս էր եկել պայքարի։

–Շա՛տ տարօրինակ է։ Ասեմ ավելին՝ անգամ իշխանություններին ձեռք չի տալիս նրան կալանավորելը, քանզի Վոլոդյա Ավետիսյանը մեզ հետ չէր. նա հակադիր ճամբարում էր, նա պահանջում էր սոցիալական վիճակի բարելավում, նա արմատական փոփոխություններ չէր ուզում։ Իսկ դա ավելի ձեռնտու էր իշխանություններին, քան մեզ։ Նրան կալանավորելն առաջին հերթին իշխանություններին է վնաս։ Թե ինչի՞ են կալանավորել, անձամբ ես գլուխ չեմ հանում, անկե՛ղծ ասեմ։

–Ազատամարտիկների պայքարի հետագա գործողությունները կա՞ն արդեն մշակված։

–Առաջին հերթին՝ ժողովրդին հավաքել մի տեղ։ Երբ Ազատության հրապարակում կհավաքվի շատ չէ, մոտ մի 10 հազար մարդ, բավական կլինի։ Հայաստանի այս իրավիճակում ինչ ճանապարհ էլ մենք ընտրենք՝ արդարացված կլինի։ Այսօր ամեն մի հայի դերն է կարևոր, իսկ ով չգա, ուրեմն նպաստում է այս գաղթի, այս խուճապի է՛լ ավելի մեծացմանը։ Եթե չանենք, սերունդները մեզ չեն ների։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը