Քաղաքական

20.09.2013 18:06


Ազատամարտիկները վստահ են՝ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում (տեսանյութ)

Ազատամարտիկները վստահ են՝ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում (տեսանյութ)

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու փաստը վրդովեցրել է նրա ընկերներին։ Այս պահին ազատամարտիկների մի մասը հավաքված է Ազատության հրապարակում, մյուս մասը՝ ՀՀ կառավարությանը հարող այգում։ Շատ ազատամարտիկներ էլ Հայաստանի տարբեր մարզերից գալիս են Երևան՝ որոշելու իրենց պայքարի հետագա անելիքները։

«7օր»–ի հետ զրույցում ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն ընդգծել է, որ այսօրվա կառավարության քաղաքականությունն է ազնիվ, մաքուր մարդկանց հետապնդելը և հնարավոր ամեն միջոցով սևացնելը։

–Եթե այսօր ազատամարտիկներից ոչ մեկը չկանգնի Վոլոդյա Ավետիսյանի կողքին, նշանակում է՝ մեզանից ոչ ոք գին չունի,–ասել է ազատամարտիկը։

Նա նաև հավելել է, որ այս իշանություններն ընդունակ են ամե՛ն ինչի և պատրաստ են ազատամարտիկների շահերի համար օրինական ճանապարհով պայքարող մարդուն մեջտեղից հանել ու վարկաբեկել։

–Տեսան, որ չեն կարողանում նրան ինչ–որ ձևով պայքարից հետ պահել, որոշեցին մի բան սարքել նրա գլխին։ Հիմա մենք դեռ լուրջ ծրագրեր չունենք, բայց մտածում ենք որոշակի քայլեր անելու մասին։ Մենք չենք քնելու ու հետ չենք կանգնելու մեր պայքարից։ Մեր պայքարը շարունակվելու է, ինչպես որ կա։ Եվ մենք անպայմա՛ն պետք է պահանջենք, որ Վոլորդյա Ավետիսյանին ազատ արձակեն,–նշել է Կ. Մելիքբեկյանը։

Ազատամարտիկ Արտաշես Ահարոնյանը նույնպես համոզված է, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

–Այդ մարդը մաքրամաքուր էր. կառավարությունն ուրիշ ոչ մի միջոց չգտավ հալածելու և մեր շարժումը փակելու։ Մտածեց ամենաստոր տարբերակը, որն իրենց է հատուկ՝ քրեական հանցագործ դարձնի մի մարդու, որը կյանքում երբեք ոչ մեկի ոչ մի բառով չի նեղացրել։ Աշխարհն էլ որ շուռ գա, Վոլոդյայից ես չեմ հավատա։ Նա ֆիզիկապես չէր կարող, նա իր հոգեբանությամբ, ուղեղով չէր կարող նման բան ոչ թե աներ, այլ անգամ մտածեր,–«7օր»–ին ասել է Ա. Ահարոնյանը։

Նա նաև նշել է, որ իրենց իրավունքների համար պայքարող մյուս ազատամարտիկների նկատմամբ ևս մինչ այս որոշակի հետապնդումներ եղել են.

–Բացառված չէ, որ հիմա ավելի կշատանան այդ հետապնդումները։ Հիմա մենք բոլորս գիտենք, որ վաղը, մյուս օրը մեզ էլ են նույն վիճակի մեջ դնելու։ Բայց հույս ունեմ, որ դա տղաներից ոչ մեկին չի կանգնեցնի, որովհետև մենք այլևս կորցնելու բան չունենք,–հավելել է ազատամարտիկը։

Մանրամասները 7or.am–ի տեսանյութում

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը