Դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից ՀՀ տարածք ներմուծվող դեղերի փորձաքննության ընթացքում կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից Վրաստանից ներմուծվող Սանդոստատին 0,1մգ/մլ 1մլ ներարկման լուծույթ N5 դեղը չի համապատասխանում գրանցման նմուշին` առկա է կեղծիքի կասկած: Այդ մասին տեղեկացվել է ՀՀ-ում դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջը` Նովարտիս Ֆարմա ԱԳ (Շվեյցարիա) ընկերությանը, որն էլ հաստատել է կեղծիքը:
Կեղծիքից զգուշանալու նպատակով Դեղերի փորձագիտական կենտրոնը ներկայացնում է կեղծ և օրիգինալ դեղերի համեմատական նկարագրերը։ Ներմուծվող կեղծ Սանդոստատին 0,1մգ/մլ,1մլ ներարկման լուծույթ N5-ի արտադրողն անհայտ է (այդ տողը բացակայում է), մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի տուփի վրա նշված է արտադրողի անունը և հասցեն։ Կեղծ դեղի եզրային կողի վրա ընկերության լոգոն հորիզոնական դիրքով է, իսկ ՀՀ-ում գրանցված դեղի մոտ՝ ուղղահայաց: Կեղծ դեղի պիտակի ծայրերը սոսնձված չեն և առանձնանում են ամպուլայի ապակուց, մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի պիտակի ծայրերը հարթ սոսնձված են ամպուլայի ապակուն։ Կեղծված է նաև դեղի պիտանելիության ժամկետը, ներդիրներում գրառումները ուկրաիներեն են՝ տպագրված սև տպատառերով, մինչդեռ դրանք պետք է լինեն կապույտ տպատառերով, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով:
Դեղի կեղծիքը հայտնաբերվել է ներմուծման փորձաքննության ժամանակ, և ներմուծումը մերժվել է:
Կեղծ դեղի ներմուծումը մերժվել է