Կարծիք

20.09.2013 12:51


Երեկ Սերժ Սարգսյանն առաջին անգամ բացարձակ ճշմարտություն ասաց

Երեկ Սերժ Սարգսյանն առաջին անգամ բացարձակ ճշմարտություն ասաց

Երեկ Սերժ Սարգսյանն առաջին անգամ բացարձակ ճշմարտություն ասաց: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ մեր երկիրը ցանկություն ունի խորացնել ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները Կալիֆոռնիա նահանգի հետ, և որ այդ հարաբերությունների հիմքում ընկած են ժողովրդավարության և ազատության մասին ընդհանուր պատկերացումները: Եվ ժողովրդավարության մասին ընդհանուր պատկերացումների մասին այդ հայտարարության մեջ նա իսկապես ճիշտ էր ու անկեղծ: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ԱՄՆ-ի համար «ժողովրդավարություն» բառը դարձել է շատ հարմար և ունիվերսալ հիմք այլ երկրներում սեփական դիրքերն ամրապնդելու համար: Այդպես էր, օրինակ, Իրաքում, արաբական երկրներում, ինչու ոչ՝ նաև մեր տարածաշրջանում (որտեղ կիրառվում էր «ֆինանսական բռնություն»): Եվ ԱՄՆ-ի պատկերացմամբ՝ ժողովրդավարություն հասկացողությունը ներառում է նաև այլ` «ոչ ժողովրդավարական» երկրների խաղաղ բնակչության ռմբակոծում, բռնություն, սեփական կամքի բռնի պարտադրում և այլն: Դա անվիճելի փաստ է, որի հետ համաձայնվել է նույնիսկ ամերիկյան ժողովրդավարության ջատագով Ֆրենսիս Ֆուկույաման, ով վերջերս ելույթ է ունեցել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Ահա սա է ԱՄՆ-ի պատկերացումը ժողովրդավարության մասին, ինչը, իհարկե, բնորոշ է գերտերություններին:
Բայց դե, մենք հո գերտերություն չենք: Մենք բավական փոքր երկիր ենք, այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանի պատկերացումները ժողովրդավարության մասին այդքան գլոբալ չեն, որքան ԱՄՆ-ի պատկերացումները: Սարգսյանը սահմանափակվում է մարտի 1-ով, «տոկոս խփելով», քաղբանտարկյալներով, խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրելով, տնտեսական դաշտը մոնոպոլիզացնելով, միանձնյա գիշերային որոշումներ կայացնելով, ԶԼՄ-ում ազատ խոսքի իրավունքը խեղդելով և այլն: Մի խոսքով, սարգսյանական «ժողովրդավարության մասին պատկերացումը» կիրառվում է միայն մեր երկրի սահմաններում՝ Հայաստանի ներսում: Էհ, Սոլոնը և Պերիկլոսը որ այս ամենը տեսնեին, ինքնակամ ցիկուտա կընդունեին:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը