Քաղաքական

24.11.2010 17:21


«Ո՞ր սֆեռայի վրա պետք չէ պատմություն շինել», «Ո՞ւմ չեն տա իշխանությունը». քննարկումներ ՀՀ ԸՕ վերաբերյալ

«Ո՞ր սֆեռայի վրա պետք չէ պատմություն շինել», «Ո՞ւմ չեն տա իշխանությունը». քննարկումներ ՀՀ ԸՕ վերաբերյալ

Նոյեմբերի 24-ին Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ընտրական օրենսգրքում իրականացվելիք փոփոխություններին։ Քննարկմանը մասնակցում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը (ով քննարկումը չսկսված՝ դուրս եկավ և այլևս չվերադարձավ), ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը, «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի ղեկավար Հարություն Համբարձումյանը, ԱԺԿ անդամ Դուստրիկ Մխիթարյանը և ԱԺՄ անդամ Անահիտ Դաղոյանը։  Քննարկումը վարող Նարինե Մկրտչյանը նշել է, որ ՕԵԿ-ն անհույս և անարձագանք է, իսկ ՀՅԴ-ն այս անգամ խնդրել է ներել իրեն։

Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացնելով բարեփոխումները՝ նշեցին, որ դրանք դրական զարգացման դինամիկա են ապահովում։ Նման ձևակերպման հետ համաձայն չէին մնացած բանախոսները, ովքեր բարեփոխումներում, ընդհակառակը, հետընթաց էին տեսնում։ Նրանք ներկայացրել են նաև մի շարք առաջարկներ։ Մասնավորապես, առաջարկվել է անցնել 100% համամասնական ընտրակարգի, ընտրություններից անմիջապես հետո բաց փակցնել ընտրամատյանները, ընտրական հանձանաժողովներում ապահովել 50/50 հարաբերակցությունը և այլն։

Արձագանքելով քննադատություններին և առաջարկներին, մասնավորապես Ռուբեն Հակոբյանին, Վարդան Բոստանջյանն ասել է, որ 1990թ. ձևավորելով խորհրդարանը՝ նրանք հնարավորություն ունեին այն ավելի լավացնել, սակայն դրա փոխարեն ձևավորվեցին ուժեր, որոնք կարողացան իշխանությունն իրենց վրա կրել, և հիմա դա անում են. «Իսկ դուք եկել եք, մի քանի ուժով ուզում եք իշխանությունը վերցնեք։ Չեն տա ձեզ»։ Նա նշել է, որ հասարակական կամքը միշտ ավելի բարձր է իշխանականից, սակայն 1990թ. հետո արդար ընտրություններ անցկացնելու կամքի դրսևորումն իր շարունակությունը չստացավ, հետևաբար հենց դա է հասարակության կամքը. «Ձեր համար վատ է, իշխանությունների համար լավ է։ Փոխեք այդ հասարակությանը»։ Նա նշել է նաև, որ ընտրախախտումներ անում է ոչ թե որևէ մի իշխանավոր ֆիզիկական անձ, այլ անում է հասարակությունը, այսինքն բոլորը միասին։

-Մեր քաղաքական ուժ կոչեցյալներից որոշները պարզապես, կներեք էլի, անելու բան չկա, մտածել են՝ դե, տունը մնալ, աշխատել պետք չէ, ավելի լավ է 3 հոգով հավաքվենք ու պարզապես բողոքենք։ Այս բոլոր բողոքականությունը մեր հասարակության համար միշտ խոցելի պահեր է ստեղծում,-ասել է Վարդան Բոստանջյանը։

Տիգրան Կարապետյանն էլ արձագանքել է, թե այն ուժերը, որոնք 3 հոգուց են բաղկացած, Հանրային խորհրդում են, չկան։

-Ազգային ժողովի նախագահը, որը ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր, խոսում է բարեփոխումներից,-վրդովվել է Տիգրան Կարապետյանը։ Վ. Բոստանջյանն էլ հարցրել է՝ արդյոք վա՞տ է բան է անում, որ խոսում է, ինչին ի պատասխան՝ Տ. Կարապետյանն ասել է. «Դե, թող այն ժամանակ բարեփոխեր։ Այն ժամանակ դզում էր»։

Անդրադառնալով ընտրամատյանները պատին փակցնելու հարցին, Հովհաննես Սահակայնն ասել է, որ դա խափանում է ընտրության գաղտնիության վերաբերյալ իրավունքը, ինչին հակադարձել է Տիգրան Կարապետյանը և նշել, որ կոալիցիոն կուսակցությունները ոչ մի գաղտնիություն էլ չեն ապահովում, քանի որ դռներ են թակում, անձնագրեր են հավաքում և այլն։

-Կոալիցիոն կուսակցությունները որ հանկարծ շփոթվեն ու իշխանությունը հանձնեն ձեզ, ի՞նչ պետք է անեք,-Տիգրան Կարապետյանին հակադարձել է Վարդան Բոստանջյանը։

Դրան ի պատասխան՝ Տ. Կարապետյանն ասել է.

-Դուք այստեղ նստած, Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցի՛չ, փոխանակ ձեր կուսակցության շահերը պաշտպանեք, իշխանությանն եք պաշտպանում։ Այն իշխանությանը՝ ՀՀԿ-ին, որը մրցակից է ձեզ, և վաղը ձեր դեմ է հանելու այն ամենը...

-Ճիշտ է ասում,-համաձայնել է Վարդան Բոստանջյանը և հավելել, որ այդ կապակցությամբ ինքն արդեն ասել է, թե ԲՀԿ-ն հավաքելու է 99,9% ձայն։

Ռուբեն Հակոբյանը ընտրամատյանների վերաբերյալ հարցն ուղղել է Հովհաննես Սահակյանին՝ խնդրելով բացատրել, թե ի՞նչն է խանգարում իշխանություններին իրականացնել դա։

-Սահակյա՛ն, որ էս սֆեռայի վրա պատմություն շինեք... Ես 20-ից ավել տարիներ ճանաչում եմ Հակոբյանին, ի միջի այլոց, նա սխալ բան չի կարող ասել։ Ի՞նչ է եղել որ, քննարկենք այս հարցը,- Հ. Սահակյանին հորդորել է Վ. Բոստանջյանը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը