Տնտեսական

19.09.2013 11:43


«Նաիրիտի» աշխատակազմը նորից ընդվզում է

«Նաիրիտի» աշխատակազմը նորից ընդվզում է

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատողները հերթական բողոքի ցույցին էին նախապատրաստվել: Գործարանի դիմաց հավաքված աշխատողները պատրաստվում էին շարժվել Կառավարության շենք` պահանջելով օգոստոսի վերջին խոստացած աշխատավարձը: Սակայն պրոֆմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը ցրել է նրանց` վստահեցնելով, որ ինքը կգնա Կառավարություն: Բանվորները սպասում են պատասխանի: Այս մասին հայտնել է «7 օր»–ի աղբյուրը։

Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբեր 20-ի որոշմամբ` «Նաիրիտի» բանվորների մեծ մասը ուղարկվել է հարկադիր պարապուրդի: Այդ ընթացքում գործարանում աշխատանքներ էին իրականացվելու` ացետիլենային եղանակով քլորոպրենային կաուչուկի արտադրությունը վերականգնելու համար, ուստի բանվորների մի մասը, ինչպես նաև վարչական աշխատողները չէին ուղարկվել հարկադիր պարապուրդի: Նշենք, որ «Աշխատանքային օրենսգրքի» համաձայն՝ հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2 երրորդի չափով: Գործարանի քլորոպրենային արտադրության ինժեներ-օպերատոր Կարինե Մելիքջանյանի խոսքերով` գործարանը բանվորներին ուղիղ 1 տարվա աշխատավարձ է պարտք: Վերջին անգամ այն վճարվել է հուլիսի վերջին:

Սեպտեմբերի 3-ին «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը հանդիպել էր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի և վերակառուցման ու զարգացման գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Միրզոյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծին «Ռոսնեֆտի» մասնակցության պոտենցիալ հնարավորությունները։ Մեկնաբանելով աշխատանքային հանդիպման արդյունքները` «Ռոսնեվթի» նախագահ Իգոր Սեչինը նշել էր. «Մենք դրական ենք գնահատում հայ գործընկերների հետ համագործակցության իրականացման ընթացքը: Ներկա պահին սպասում ենք «Նաիրիտ» գործարանում իրականացված աուդիտի, ինչպես նաև հարկային ռեժիմի հետ կապված Հայաստանի կառավարության հետ բանակցությունների վերջնական արդյունքներին` նպատակ ունենալով նախագծում մասնակցելու որոշում կայացնել: Մենք տեսնում ենք էական հեռանկարներ մեր հայ գործընկերների հետ համագործակցության մեջ և համոզված ենք, որ առկա է Հայաստանում ռազմավարական ներդրումների համար ներուժ, որը կարող է լրացուցիչ տնտեսական ու առևտրային առավելություններ ապահովել «Ռոսնեֆտի» և Ռուսաստանի համար»:

Այս խորագրի վերջին նյութերը