Լրահոս

18.09.2013 10:31


9 անձ մեղավոր ճանաչվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

9 անձ մեղավոր ճանաչվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել թվով 9 անձանց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար առաջադրված մեղադրանքները։
Դատարանի՝ 17.09.13թ. դատավճռով ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների ու պրեկուրսորների ապօրինի շրջանառության, խոշոր չափերով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու դրա փորձի համար՝ դատապարտվելոջ 13 տարվա ազատազրկման։ Նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նաեւ նախորդ` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.12.2011թ. դատավճռով և նույն դատարանի 18.07.2012թ. որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկումը 1 տարի ժամկետով, և ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 14 տարվա ազատազրկումը:
Ամբաստանյալ Ալբերտ Հակոբյանը մեղավոր է ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու եւ օժանդակելու փորձի համար՝ դատապարտվելով 12 տարվա ազատազրկման։

Ամբաստանյալ Ալլա Մախովան մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի մեկ հոդվածով։ Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով, 34-38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Վերջին հոդվածով դատարանը Մախովային արդարացրեց՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս հոդվածով մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 8 տարվա ազատազրկման։
Ամբաստանյալ Արտաշես Բաղումյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ դատապարտվելով 3 տարվա ազատազրկման։
Ամբաստանյալներ Կարեն Արզումանյանը եւ Լեւոն Շահինյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի համար՝ դատապարտվելով 9 ամսվա ազատազրկման։ Կ.Արզումանյանի նշանակված ազատազրկմանը մասնակիորեն գումարվեց նախորդ` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011թ. հունիսի 20-ի դատավճռով և նույն դատարանի 2011թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 6 տարի ժամկետով և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի 9 ամիս ժամկետով: Իսկ Լևոն Շահինյանի նկատմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հուլիսի 08-ի դատավճռով և նույն դատարանի 2011թ. հունիսի 22-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 9 ամիս ժամկետով և ամբաստանյալ Լևոն Շահինյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով:
Ամբաստանյալ Սահակ Սահակյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվեց կալանքի 2 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ սահմանվեց փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Ամբաստանյալ Արմինե Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց պայմանական ազատազրկման 3 ամիս ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:

Այս խորագրի վերջին նյութերը