Լրահոս

17.09.2013 17:37


Քննչական խումբը օֆշորային սկանդալի հետքերով մեկնել է Կիպրոս

Քննչական խումբը օֆշորային սկանդալի հետքերով մեկնել է Կիպրոս

ՀՀ ոստիկանության քննչական խումբը երկու օր առաջ մեկնել է Կիպրոս: Ինչպես «Հետքին» հայտնեց Կիպրոսի աղբյուրը, քննչական խումբը քննչական գործողություններ պետք է իրականացնի Կիպրոսի դատախազության հետ համատեղ` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկը» ադամանդագործ Սուքիասյանին 12 մլն դոլար վարկ է տրամադրել, որի դիմաց գրավադրվել էր գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Վարկային փաթեթի հիմքում դրված բիզնես ծրագրի հեղինակը հենց «Ամերիաբանկ»-ն է: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցվել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»` մի քանի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին: Այդ ընկերություններից երկուսում ` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում բաժնետերեր էին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:

Այս տարվա հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին առձեռն փոխանցել է իրավական օգնության մասին միջնորդագրերի կրկնօրինակները: Իրավական օգնություն ցուցաբերելու վերջին միջնորդությունը Կիպրոսի դատախազին էր ուղարկվել հունիսի 19-ին, իսկ նախորդը 2012 թվականին քննչական մարմինը հասցեագրել էր Կիպրոսի իրավապահ մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազը հուլիսի 2-ին Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին առձեռն փոխանցելով իրավական օգնության վերաբերյալ միջնորդության ամբողջ փաթեթը՝ նրան խնդրել էր համապատասխան ծառայություներին հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել միջնորդության պահանջները և արդյունքների մասին տեղեկացնել ՀՀ ԳԴ:

Աղբյուրը՝ hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը