Կարծիք

17.09.2013 11:04


«Վովա Գասպարյանի օգնականն իմ օգնությամբ փորձում է արդարացնել իր աշխատավարձը»

«Վովա Գասպարյանի օգնականն իմ օգնությամբ փորձում է արդարացնել իր աշխատավարձը»

Նոր տեսա, որ իմ «անտաղանդ» լինելը հանգիստ չի տալիս որոշ մարդկանց, մասնավորապես ՀՀ ոստիկանապետի խորհրդատու Նարեկ Մալյանին: Արդեն քանի օր է՝ այս «պաշտոնավոր» անձը, ի դեպ, ներեցե՛ք, որ այսքանն եմ գրում այդ երիտասարդի մասին, քանզի նրա մասին մինչ այն պահը, երբ ինքը Վովա Գասպարյանի օգնականը դարձավ, որևէ մեկին բան հայտնի չէր, ու դժվար թե Գասպարյանի հեռանալուց հետո հայտնի լինի, բայց չշեղվենք ու անցնենք առաջ: Եվ այսպես, Նարեկը կամ ՀՀ ոստիկանությունն ինձ մեղադրում է ստի մեջ՝ ՃՈ՝ ինձ տուգանելու անհիմն լինելու մասին իմ հայտարարության և Մհեր Մկրտչյանի թանգարանի հոսանքազրկման հետ կապված:
Ես միտք չունեմ արդարանալու կամ բան ապացուցելու մի քանի պատճառով, նախ՝ ես արդեն հրապարակավ պահանջել եմ տեսանյութը, որն այդպես էլ չի հրապարակվում, իսկ թանգարանի տնօրինությունն արդեն փաստել է հոսանքի անջատման մասին: Բայց ինչն է կարևոր իմ կարծիքով. Նարեկն ուղղակի իմ օգնությամբ փորձում է արդարացնել իր աշխատավարձը: Նա ներկայացնում է այդ հիմնարկի մի մասնիկը և իր հիմնական խնդիրն է համարում հասարակության ուշադրությունը շեղելը: Շեղել նրանից, թե ինչպես, օրինակ, օլիգարխներից մեկի զավակը մարդ սպանեց և ազատ արձակվեց, թե ինչպես են փողոցներում մարդ ծեծում, և ոչ ոք դրա համար չի պատժվում, ինչպես է ոստիկանն աղջիկ համբուրում և էլի ու էլի շատ նման դեպքերից:
Շատ չծանրաբեռնեմ Ձեզ ու ինձ, եկե՛ք ուղղակի բոլորով միասին ցանկանանք Նարեկին և այն հիմնարկին, որն ինքը այսօր ներկայացնում է, ստի պակաս, գրագետ աշխատակիցներ և անկաշառ ճանապարհային ոստիկաններ, չէ՞ որ բազմաթիվ նորմալ ոստիկաններ մեղք չունեն, որ նման խորհրդատու ունեն, իսկ Նարեկը, մեծ հաշով, հասարակ կարիերիստ է, որն արդեն, ցավոք, հասել է իր կարիերայի պիկին:

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը