Լրահոս

13.09.2013 15:08


Երևանում կայացավ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

Երևանում կայացավ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

Սեպտեմբերի 13-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նատալյա Գերմանը, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, Վրաստանի Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքս Պետրիաշվիլի, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովի գլխավորությամբ։

Հանդիպմանը, որը վարում էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցան պատվիրակությունների ղեկավարները, քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ կատարվեց Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականցմանը և մտքեր փոխանակվեցին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Ելույթ ունենալով հանդիպմանը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել Արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզի բոլոր հիմնական ուղղություններով։

«Եվրոպացի գործընկների հետ համագործակցաբար և անմիջական աջակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված, մասնավորապես, ժողովրդավարական հաստատությունների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների և օրենսդրության բարելավելմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և այլն։ Մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար և ակնկալում ենք ապագայում ևս շարունակել մեր բարեփոխումները:

Հայաստանը հաստատակամ է առաջ տանել ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը», ասաց արտգործնախարար Նալբանդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը