Լրահոս

13.09.2013 14:58


Էդուարդո Էռնեկյանը՝ ՄԱԶԾ ազգային բարի կամքի դեսպան

Էդուարդո Էռնեկյանը՝ ՄԱԶԾ ազգային բարի կամքի դեսպան

Հայաստանի կայուն զարգացման աջակցման մեջ իր ունեցած առանցքային դերի, երկրում աղքատության նվազեցման, տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման, աշխատատեղերի ստեղծման և ծառայությունների որակի բարելավման նպատակով ներդրած իր ջանքերի համար, այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը հայտնի արգենտինահայ գործարար, Հայաստանում խոշորագույն ներդրող Էդուարդո Էռնեկյանին նշանակեց Ազգային բարի կամքի դեսպան:

«Ես շատ ուրախ եմ ՄԱԶԾ-ի աշխատանքներում ներգրավվելու և, իմ դիրքն օգտագործելով, ՄԱԶԾ-ի ուղերձները տարածելու և իրազեկելու վերջինիս գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ, ինչպիսիք են աղքատության նվազեցումը, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի խթանումը և շրջակա միջավայրի կայուն կառավարումը», - ասաց Էդուարդո Էռնեկյանը:

Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում ՄԱԶԾ-ն եկավ այն եզրակացության, որ հայկական Սփյուռքը՝ իր ընդարձակ կապերով և հարուստ փորձով, կարող է դյուրին դարձնել և նպաստել ազգային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին՝ այսպիսով նպաստելով երկրի ընդհանուր զարգացմանը: Պրն. Էռնեկյանի և իր կողմից հիմնված «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ գործընկերությունն ունի երկար պատմություն, և այն կյանքի կոչվեց 2012թ.-ի մայիսին, երբ ՄԱԶԾ-ն և ՖԱՀ-ը ստորագրեցին համաձայնագիր՝ Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան գյուղական համայնքներում գյուղատնտեսական և փոքր բիզնեսի գործունեությանն աջակցելու համար: Այս գործընկերության նպատակն է միկրոշրջանում տնտեսական վերածննդի խթանումը՝ ֆերմերային ասոցիացիաներ ստեղծելու, գյուղական տնտեսական ենթակառուցվածքները բարելավելու միջոցով, որպես գյուղական աղքատության վերացման կարևորագույն տարր, ինչպես նաև սննդի վերամշակման միկրոձեռնարկությունների ստեղծումը և չմշակվող վարելահողերը ցանքաշրջանառության վերադարձնելը: <<Հայկական գյուղի վերածնունդ` զբաղվածության ապահովում և եկամուտների ստեղծում>> ծրագրի ընդհանուր արժեքն է 230.000 ԱՄՆ դոլար, որից 204.000 ԱՄՆ դոլարը հատկացրել է «Ֆրութֆուլ Արմենիա»-ն:

<<ՄԱԶԾ-ի համար մեծ պատիվ է նշանակել պրն. Էդուարդո Էռնեկյանին Ազգային բարի կամքի դեսպան: Մենք ունենք հաջողված գործընկերության փորձ պրն. Էռնեկյանի և «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հետ: ՄԱԶԾ-ն ակնկալում է սերտ համագործակցություն պրն. Էռնեկյանի հետ, որպես Ազգային բարի կամքի դեսպան, և որ նա կօգտագործի իր ընդարձակ կապերը և կշարունակի մոբիլիզացնել Սփյուռքի ջանքերը Հայաստանում աղքատության դեմ պայքարելու և Հայաստանի քաղաքացիների բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար>>, - ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Քլեր Մեդինան:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը