Լրահոս

13.09.2013 11:35


Ի՞նչ էր ուզում Դինո Գոլդը և ի՞նչ ստացավ

Ի՞նչ էր ուզում Դինո Գոլդը և ի՞նչ ստացավ

Կապանում գործող կանադական «Դինո Գոլդ մայնինգ» հանքարդյունաբերող ընկերության ներկայացրած դատական հայցը բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ ավելի քան 6 ամիս մնաց հանրության ուշադրության կենտրոնում: Այս քայլով ընկերությունը փորձեց ստիպել, որպեսզի ակտիվիստը հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վճարի մեկ դրամ փոխհատուցում և դատական ծախսերը: Բանն այն է, որ 2012թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում կայացած իր ելույթներից մեկում Եղիան բարձրաձայնել էր աշխատողների հանդեպ կատարված ոտնձգությունների` մասնավորապես էլեկտրաշոկի կիրառման մասին:

Հիշեցնենք, որ դեռևս 2010-2011թթ հայկական մամուլում բազմիցս գրվել և խոսվել է էլեկտրաշոկի մասին, երբ ընկերության աշխատակիցները բազմաթիվ գործադուլներ էին անում իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: Սակայն ընկերությունն այդ ողջ ընթացքում չի պահանջել ոչ մեկից հերքել այդ տեղեկությունները, այլ միայն բավարարվել է գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտային և նրա կնոջը աշխատանքից հեռացնելով: Մինչև վերջերս Դինո Գոլդը հերքում էր, որ այդ հեռացումը կապված է էլեկտրաշոկերի պատմության հետ, սակայն Ֆալետտաների վերջին հարցազրույցից պարզվեց հակառակը, իսկ ընկերության իրավաբանն էլ հրապարակավ անկեղծացավ` հետաքրքիր բացահայտումներ անելով Ֆալետտաների կողմից աշխատողների իրավունքները տարիներով բռնաբարելու մասին (http://www.youtube.com/watch?v=wKyyZYJlq84):

Դատական այս գործընթացն առաջացրեց մեծ հանրային հետաքրքրություն թե´ Հայաստանում, թե´ Հայաստանի սահմաններից դուրս: Ամիսներ տևած դատավարության ընթացքում հանրության ավելի լայն շերտեր տեղեկացան, որ մարդկանց իրավունքների, նրանց անվտանգության ու առողջության, բնապահպանական նորմերի պահպանման, սոցիալական ծրագրերի մասին խոսող ընկերությունն իրականում, բազմիցս խախտել է իր աշխատակիցների իրավունքները, մի շարք վթարների պատճառով անդառնալի վնաս է հասցրել բնությանն ու շրջակա միջավայրին, իր գործունեությամբ լրջորեն վտանգել է մարդկանց առողջությունը, ավելին` հանքավայրում աշխատանքի ժամանակ գրանցվել է մահվան առնվազն 6 դեպք (http://hetq.am/arm/news/26420/hanqardyunaberakan-ynkerutyuny-dzernoc-e-netum-hanrutyany.html): Այսօր արդեն առավել ակնհայտ է, որ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից հռչակած արժեքների և նրանց փաստացի գործունեության միջև շատ հաճախ լուրջ հակասություններ կան: Դատարանն արդեն հրապարակել է իր որոշումը` ընկերության հայցը բավարարելով միայն մասնակի` Եղիա Ներսեսյանը պարտավորվում է վճարել ընկերության պահանջած 1 ՀՀ դրամը և պետական տուրքը` 1500 ՀՀ դրամ: Մյուս երկու կետերով դատական հայցը մերժվեց` ակտիվիստը չի պարտավորվում հրապարակային հերքել իր խոսքերը և չի փոխհատուցելու հայցվոր կողմի դատական ծախսերը:

Միայն ակտիվիստական ներուժով այս գործընթացին մասնակցելը կլիներ բավական բարդ, եթե ոչ` անհնար: Այս հարցում անգնահատելի օգնություն ցուցաբերեցին փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը, ովքեր ամբողջ ընթացքում օժանդակեցին մեզ իրենց ներկայությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ: Ամիսներ շարունակ դատական բոլոր նիստերին բնապահպան-ակտիվիստին իրենց ներկայությամբ աջակցեցին նաև բազմաթիվ քաղաքացիներ: Սա խոսուն վկայությունն է այն բանի, որ հանրությունն այսօր ավելի աչալուրջ է, ավելի մտահոգ է բնապահպանական խնդիրներով, ունի ավելի բարձր էկոգիտակցություն, ինչը վկայում է, որ հանքարդյունաբերական ոլորտի հանրային վերահսկողությունը շարունակելու է ավելի մեծ թափ ստանալ:

Հայաստանի բազմաթիվ գյուղերում և քաղաքներում հանքավայրերում աշխատելը դարձել է ապրուստի միակ միջոցը, իսկ տնտեսության այլընտրանքային ճյուղերը ընդհանրապես չեն խրախուսվում, ինչի պատճառով մարդիկ հիմնականում համակերպվում են ստեղծված իրաիճակի հետ` հրաժարվելով բարձրաձայնել իրենց ոտնահարված իրավունքների մասին` հանուն հանապազօրյա հացի: Դրա հետ միասին շարունակում է իշխող մնալ վախի և անարդարության մթնոլորտը:

Թեև հանքարդյունաբերական ոլորտը դեռևս մնում է փակ ու անհրաժեշտ չափով չլուսաբանված, սակայն փաստ է, որ աստիճանաբար պատռվում է հանքարդյունաբերական ընկերությունների դիմակը: Ինչպես Դինո Գոլդի իմիջը հավասարվեց զրոյի` ընկերությանը ստիպելով նույնիսկ անվանափոխվել` դառնալով «Դանդի Փրեշըզ Մեթալզ Կապան», այնպես էլ հերթը հասնելու է ապօրինություններ գործած բոլոր մյուս հանքարդյունաբերողներին, որոնք նորանոր բացահայտումների արդյունքում փորձելու են «փրկել» իրենց հեղինակությունն ու անունը: Մենք շարունակելու ենք մեր պայքարը և հանրային հետաքննությունը` ջրի երես դուրս բերելու այն ամենն, ինչ շարունակաբար փորձ է արվել թաքցնել՝ բնությանն ու մարդկանց առողջությանը հասցվող անդառնալի վնասները, բնական ռեսուրսների անխնա շահագործումը, աշխատողների իրավունքների ոտնահարման դեպքերը, ապօրինությունները, մահվան դեպքերը… Խոշորացույցի տակ ենք պահելու նաև պետական մարմինների աշխատանքը` ստիպելով, որ հանքարդյունաբերական ոլորտը դառնա վերահսկելի, իսկ հանքավայրերը` շահագործվելու դեպքում, ծառայեն ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ պետության ու ժողովրդի շահերին:

Հանքարդյունաբերողները կարող են նորից դատական գործեր հարուցել և փորձեն լռեցնել բնապահպանների ձայնը: Սակայն մենք հիշեցնում ենք, որ բոլոր այն ընկերությունները, որոնց գործունեության արդյունքում կվնասվի մեր բնությունը, կվտանգվի ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը և հարցականի տակ կդրվի նրանց անվտանգությունը, կարժանանան հանրության խորը անվստահությանը, կվարկաբեկեն իրենց գործարար անունն ու համբավը, իսկ մեղավորներն ի վերջո կենթարկվեն պատասխանատվության:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Այս խորագրի վերջին նյութերը