Լրահոս

13.09.2013 10:44


Հայաստանի անվստահելի գործընկերոջ կերպար ձեռք բերելը խարխլում է ազգային անվտանգության համակարգը

Հայաստանի  անվստահելի գործընկերոջ կերպար ձեռք բերելը խարխլում է ազգային անվտանգության համակարգը

Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 3-ին կատարած համատեղ հայտարարությունը վտանգում է հայ և ռուս ժողովուրդների իսկական շահերը։ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի տապալմանն ուղղված քաղաքականությունը բնականաբար բացասական հետեւանքներ կունենա Ռուսաստանի եւ Հայաստանի՝ Եվրոմիության հետ հարաբերություններում։ Օլիմպիական խաղեր անցկացնող պետությունն իր ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ չպետք է անի քայլեր, որոնք կարող են բացառել միջազգային հանրության մասնակցությունը այդ համամարդկային նշանակություն ունեցող իրադարձությանը, իսկ Հայաստանի պարագայում՝ միաջազգային հարաբերություններում անվստահելի գործընկերոջ կերպար ձեռք բերելը խարխլում է ազգային անվտանգության համակարգը։
08․08․08թ․ տեղի ունեցած դեպքերից հետո ակնհայտ է, որ Հարավային Կովկասի պետություններից յուրաքանչյուրի փորձը՝ միանալ որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի, առաջացնում է կոնֆլիկտ մյուս կենտրոնների հետ։ Այս իրողությունը հարկադրում է Հարավային Կովկասի բոլոր պետություններին առաջնային համարել միմյանց միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության եւ համագործակցության համակարգ ստեղծելու ուղղությամբ։
Տարածաշրջանում յուրաքանչյուր մարդու համար անվտանգություն, խտրականությունից պաշտպանություն, ոտնահարված իրավունքների վերականգնում, արժանապատիվ գոյության եւ զարգացման հնարավորություն երաշխավորող նոր քաղաքական եւ տնտեսական կարգը հաստատելու ճանապարհին խոշոր խոչնդոտ են հանդիսանում գործող ավտորիտար եւ քրեա-օլիգարխիկ քաղաքական ռեժիմները, որոնք բացահայտ աջակցում են միմյանց իշխանությունը պահպանելու գործում։
Տարածաշրջանի բոլոր դեմոկրատական ուժերի միավորումը անհրաժեշտ քաղաքական միջոցն է այդ ռեժիմները տապալելու եւ ժողովուրդների միջեւ ամուր խաղաղություն հաստատելու համար։ Այդ նպատակներին կարելի է հասնել սահմանադրական ճանապարհով, ուստի խոսքի եւ հավաքների ազատությունը հանդիսանում է ժողովրդական ուժերի հիմնական քաղաքական գործիքները։
Կանխատեսելի էր ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանում քաղաքացիական շարժումների նկատմամբ գործող իշխանությունների կողմից ծավալված բռնությունների եւ անհիմն ձերբակալությունների հետեւողական քաղաքականության դեմ։ Շատ կարեւոր կլիներ լսել նաեւ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը այս հարցում։ Հակառակ դեպքում հայ ժողովրդի մոտ կարող է ձեւավորվի պատկերացում, որ Ռուսաստանի Դաշնությունը աջակցում է Հայաստանում ձեւավորվող քաղաքացիական հանրության դեմ իշխանությունների գործողություններին։

Անդրիաս Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը