Լրահոս

12.09.2013 15:34


Հայաստանի զբոսաշրջության թիրախային խթանում ռուսաստանյան շուկայում

Հայաստանի զբոսաշրջության թիրախային խթանում ռուսաստանյան շուկայում

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի ու Արմենիա Մարիոթ հյուրանոցի աջակցությամբ սույն թվականի սեպտեմբերի 12-15-ին ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում են գտնվում ռուսական 9 հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հրավիրյալների թվում են «ELLE», «Top Beauty», «The Good Housekeeping», «Aeroflot Premium», «Aeroflot», «In Style», «World of Impressions» ամսագրերի, «RATA-News» էլեկտրոնային օրաթերթի և «Komsomolskaya Pravda» թերթի «kp.ru» կայքի լրագրողները:

Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը ռուսաստանյան շուկայում և խթանել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:

Ճամփորդության ընթացքում լրագրողները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրերը, կծանոթանան պատմամշակութային և հոգևոր հարուստ ժառանգությանը, ազգային ավանդույթներին և ժամանակակից կյանքին:

Այցի արդյունքում նշված ԶԼՄ-ներում կհրապարակվեն հոդվածներ Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաև երկրի տեսարժան վայրերը ներկայացնող լուսանկարների շարք:

Սույն նախաձեռնությունը ռուսաստանյան թիրախային շուկայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերից մեկն է:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը