Տնտեսական

10.09.2013 12:50


«Փողերի լվացման օրինականացմանն օգնող» օրինագիծն ԱԺ–ն ընդունեց երկու ձայնի շնորհիվ

«Փողերի լվացման օրինականացմանն օգնող» օրինագիծն ԱԺ–ն ընդունեց երկու ձայնի շնորհիվ

ՀՀ խորհրդարանը քննարկել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։ Այն մշակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, և կառավարության կողմից ներկայացվել է ԱԺ։

Նախագիծը սահմանում է, որ ոչ ռեզիդենտի` ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտները, ինչպես նաև նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտներն ազատվում են շահութահարկից: Նախագծի միջոցով կառավարությունն ակնկալում է սահմանել անհրաժեշտ պայմանները ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում ներդրումներ իրականացնելու համար:

Մինչդեռ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահ է, որ այս օրինագիծը հերթական վնասն է բերելու Հայաստանի տնտեսությանը։

–Սա օգնելու է փողերի լվացման օրինականացմանը մեր երկրում,–այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Ա. Մինասյանը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության ներկա խավարի պայմաններում նման օրենք ներկայացնելն անթույլատրելի է։

Այդուհանդերձ, օրինագիծը 67 կողմ, 42 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է։ Նշենք, որ օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է 66 կողմ ձայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը