Լրահոս

09.09.2013 13:01


«Գար ձե՞զ տեղյակ պահեր». Գալուստ Սահակյանը Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման մասին (տեսանյութ)

«Գար ձե՞զ տեղյակ պահեր». Գալուստ Սահակյանը Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշման մասին (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացառում էր, որ այդ հանդիպումից հետո Մաքսային միությանը միանալու որոշում կկայացվի։

«Հնարավո՞ր է, որ այդ հանդիպումից հետո պարզ դառնա, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն և չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը»,–«Ազատություն» ռադիոկայանի հարցին Սահակյանը պատասխանել էր․

«Չեմ կարծում. նման բան չի կարող լինել, որովհետև Ասոցացման համաձայնագիրը հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում, և նաև Մաքսային միության քննարկումներն այնքան խորացած չեն, որ հենց կարողանանք այսօր դիրքորոշում արտահայտել, առավել ևս՝ Հայաստանը մաքսային սահման չունի Ռուսաստանի հետ: Այսպես թե այնպես, դեռևս ինֆորմացիա չկա, որ մենք մտնում ենք Մաքսային միություն։ Նույնիսկ եթե որոշակի հանգամանքներ ծնվեն, քանի որ մաքսային սահման չունենք, մենք այստեղ որոշակի վերապահումներ կունենանք, կարծում եմ»:

Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո «7օր»–ը փորձում էր կապ հաստատել Գալուստ Սահակյանի հետ և տեսնել, թե ա՞յժմ ինչ կասի, բայց ՀՀԿ խմբակցության ղեկավարն այդպես էլ չէր պատասխանում հեռախոսազանգերին։

Իսկ այսօր մեկնարկած 5–րդ գումարման ԱԺ 4–րդ նստաշրջանի քառօրյայի ժամանակ Գալուստ Սահակյանը միայն նիստի սկսվելուց մի քանի րոպե առաջ դուրս եկավ իր աշխատասենյակից և մեր հարցերին հրաժարվում էր պատասխանել՝ պատճառաբանելով, թե շտապում է, պետք է գնա գրանցվի։ Միայն մեր համառ պնդումներից հետո նա հետևյալ պատասխանները տվեց.

–Մաքսային միությանը միանալու հետ կապված ի՞նչ վերապահումներ ունեք։

–Ես մտնում եմ գրանցման։

–Ոչի՛նչ, որքան հասցնեք, այնքան պատասխանեք։

–Ո՞նց, այսինքն՝ չգրանցվե՞մ։

–Գրանցվե՛ք, ես Ձեզ հետ քայլելով կգամ, կհասցնե՛ք պատասխանել։

–Որևէ սենսացիա չկա այդտեղ. բոլորին էլ հայտնի էր, որ դա այդպես պիտի լիներ, բայց դա երբեք Ասոցացման ծրագրի հետ պետք չէ կապել։

–Բայց Դուք բացառում էիք, որ Պուտինի հետ հանդիպումից հետո պարզ դառնա՝ Հայաստանը մտնում է Մաքսային միություն։

–Ես նման բան չե՛մ ասել. ես ընդամենը ասել եմ, որ սենսացիաների մի՛ սպասեք։

–Ասե՛լ եք, բառացի մեջբերում եմ. «Նման բան չի կարող լինել, որովհետև Ասոցացման համաձայնագիրը հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում, և նաև Մաքսային միության քննարկումներն այնքան խորացած չեն, որ հենց կարողանանք այսօր դիրքորոշում արտահայտել, առավել ևս՝ Հայաստանը մաքսային սահման չունի Ռուսաստանի հետ»։

–Էդպիսի բան չե՛մ ասել, ինչ–որ մեկը սխալ է թարգմանել։

–Նաև ասել էիք, որ նույնիսկ եթե որոշակի հանգամանքներ ծնվեն, քանի որ մաքսային սահման չունենք, որոշակի վերապահումներ կունենաք։

–Նման բան չե՛մ ասել, առավել ևս՝ ամիսներ առաջ ասել եմ, որ մենք պիտի կարողանանք ձևը գտնենք, ընդգրկվենք այդ կառույցում։

–Բայց նաև ասում էիք, որ Մաքսային միության քննարկումներն այնքան խորացած չեն, որ կարողանաք այսօր դիրքորոշում արտահայտել։

–Եվրասիական միության մասին էր խոսքը։ Դա ուրիշ է, Մաքսային միությունը լրիվ ուրիշ է։

–Ո՛չ, Մաքսային միության մասին էիք ասում։

–Ո՛չ, նման բան որևէ տեղ բերե՛ք, արձանագրե՛ք։

–Տեսանյութը կա։

–Ես մի օր առաջ հայտարարեցի, որ սենսացիաներ չեն լինելու։

–Սերժ Սարգսյանը միանձնյա որոշո՞ւմ է կայացրել։

–Ո՛չ։

–Նախապես ո՞ւմ է տեղյակ պահել։

–Բայց ինչի՞ պիտի պահեր։ Սերժ Սարգսյանն իր լիազորություններն ունի որպես նախագահ, և երկրորդը՝ որևէ պայմանագիր չի ստորագրվել։ Երբ որ կգա տեքստը ԱԺ, կքննարկենք։

–Այսինքն, այդուհանդերձ, միանձնյա՛ որոշում է կայացրել։

–Ո՛չ։

–Բա ասում եք՝ ինչի՞ պիտի տեղյակ պահեր։

–Գար ձե՞զ տեղյակ պահեր։

–Իհա՛րկե։

Այս խոսքերից հետո Գալուստ Սահակյանը մտավ նիստերի դահլիճ՝ չպատասխանելով մեր մյուս հարցերին։ Իսկ մենք ներկայացնում ենք «Ազատություն» ռ/կ–ի տեսանյութը, որտեղ Գ. Սահակյանը այսօրվա պնդումներից 180 աստիճանով հակառակ բանն է ասում։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը