Լրահոս

06.09.2013 20:16


Երիտասարդական նվագախմբի ելույթները Musica Riva փառատոնում մեծ հաջողությամբ են ընդունվել

Երիտասարդական նվագախմբի ելույթները Musica Riva փառատոնում մեծ հաջողությամբ են ընդունվել

Սեպտեմբերի 6-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Իտալիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Բրունո Սկապինիի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն ամփոփեցին Musica Riva 30-րդ միջազգային փառատոնը, որին այս տարի որպես հրավիրյալ պաշտոնական նվագախումբ մասնակցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Իտալիայում միջազգային հեղինակավոր այդ փառատոնին մասնակցելը մեծ պատիվ էր: Նա ընդգծեց որ արտասահմանյան բոլոր ելույթների ընթացքում երիտասարդական նվագախումբը կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, և Musica Riva-ն բացառություն չէր։ Փառատոնի շրջանակներում, ի թիվս այլ համերգների, հանդիսատեսին է ներկայացվել նաև «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։ Երիտասարդական նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդին), հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից։ «Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելը մեզ նոր ազդակ տվեց: Փառատոնին մի շարք հայտնի անուններ էին մասնակցում, և բնականաբար, նվագախումբը նաև հրավերներ և առաջարկներ է ունեցել։ Փառատոնի պաշտոնական նվագախումբ դառնալու հրավերը մենք ստացել ենք փառատոնի կազմակերպիչներից, ովքեր մեր մասին իմացել էին մենակատարների ջերմ կարծիքի շնորհիվ, որոնք ավելի վաղ համագործակցել են մեզ հետ»,- նշեց Ս. Սմբատյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր աջակցում են դասական երաժշտությանը։ Մասնավորապես, երիտասարդական նվագախմբի մասնակցությունը Musica Riva միջազգային փառատոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Արթուր Վարժապետյանի («Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ), «Ինեկոբանկի» շնորհիվ։ Աջակցություն են ցուցաբերել նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը, Երևանի ոսկերչական գործարանը և «Կոնվերս բանկը»:

Նշենք, որ փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի և նշանավոր այլ երաժիշտների հետ, ովքեր իրենց հիացական վերաբերմունքն են արտահայտել երիտասարդական նվագախմբի վերաբերյալ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, թավջութակահար Նատալյա Գուտմանն ընդգծել է, որ հայերը շատ երաժշտական են. «Հայաստանում ես շատ ընկերներ ունեմ, մասնավորապես, Տիգրան Մանսուրյանը: Ես շատ ուրախ էի այստեղ հանդիպել Հայաստանի երիտասարդական նվագախմբին: Նրանք շատ երաժշտական, վառ և մեծ ոգևորությամբ են նվագում: Նրանք այնքան երաժշտական էներգիա ունեն, որ ցանկություն է առաջանում՝ որքան հնարավոր է երկար նվագել նրանց հետ: Հայաստանի երիտասարդական նվագախումբը շատ պրոֆեսիոնալ է: Ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար»:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին էլ բարձր գնահատեց դեսպանատան համագործակցությունը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ «Չնայած հայ-իտալական կապերը շատ ամուր են, սակայն սա շատ լավ սկիզբ էր` հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման համար, և ես պատրաստ եմ աջակցել երիտասարդական նվագախմբին` ավելի մեծ հաջողությունների հասնելու համար»,- ասաց դեսպանը: Նա առանձնացրեց նաև բազմաթիվ մշակութային ծրագրեր, որոնք դեսպանատան աջակցությամբ անցկացվել են Հայաստանում։

Այս խորագրի վերջին նյութերը