Լրահոս

06.09.2013 14:44


ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի պատվիրակությունն այցելել է Հայաստան

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի պատվիրակությունն այցելել է Հայաստան

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն այսօր ավարտեց իր առաջին այցը Հայաստանի Հանրապետութուն: 2013թ.ի սեպտեմբերի 3-6-ը տեղի ունեցած այցի նպատակն էր խորհրդատվական և տեխնիկական օժանդակություն ապահովել Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմին (ԱԿՄ):

Ազգային կանխարգելման մեխանիզմը խոշտանգումների կանխարգելման մեխանիզմն է` համաձայն Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության հոդված 11-ի:

Այցի ընթացքում Կանխարգելման ենթակոմիտեն հանդիպեց կառավարության, ոչկառավարական կազմակերպությունների, ՄԱԿ-ի, ինչպես նաև Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների հետ:

Կանխարգելման ենթակոմիտեի այցի հիմնական նպատակն էր Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների կարողությունների զարգացումը` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բռնությունների և խոշտանգումների կանխարգելման բաժնի և խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի հետ բովանդակալից հանդիպումների, ինչպես նաև ազատազրկման վայրեր մի շարք համատեղ այցերի միջոցով: ՄԱԿ-ի փորձագետները հնարավորություն ունեցան անմիջականորեն գնահատելու խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման հայաստանյան այս մարմնի կարիքները և ընթացիկ մարտահրավերները:

Այցի ավարտին պատվիրակության ղեկավարը նշեց. «Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն հանդիպումներ ունեցավ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս հետ միասին այցելեց մի քանի ազատազրկման վայրեր: Ենթակոմիտեն գնահատում է այն քայլերը, որոնք Հայաստանը կատարել է խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ և կառաջարկի միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են այս գործընթացի հետագա իրականացման համար: Այդ նպատակով, Կանխարգելման ենթակոմիտեն պատրաստակամ է Հայաստանի Հանրապետության և Ազգային կանխարգելման մեխանիզմի համար ապահովել համապատասխան աջակցություն և խորհրդատվություն»։

Կանխարգելման ենթակոմիտեն ՀՀ կառավարությանը և Հայաստանի ազգային կանխարգելման մեխանիզմին կներկայացնի առանձին, կոնֆիդենցիալ զեկույցներ, որոնք կներառեն ենթակոմիտեի` այցի արդյունքում բարձրացված դիտողություններն ու առաջարկությունները:

Այս խորագրի վերջին նյութերը