Լրահոս

06.09.2013 09:44


Վարդան Մինասյան. «Միակ ցանկությունս հաղթելն է»

Վարդան Մինասյան. «Միակ ցանկությունս հաղթելն է»
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում հանդիպեց ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ:
- Հայտնի է, որ Ռոբերտ Արզումանյանը վնասվածքով է ժամանել հավաքականի ճամբար: Ի՞նչ վիճակում է նա մոտենում խաղին:
- Միանգամից նշեմ, որ հավաքականում գտնվող բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ պատրաստ են խաղին:
- Չեխիայի ընտրանու մարզիչը նշեց, որ Հայաստանն անկայուն խաղ է ցուցադրում, հոգեբանական խնդիրներ ունի, ինչի արդյունքում թիմը կարող է պարտվել Մալթային, բայց հաղթել Դանիային: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա խոսքերը:
- Ինչ-որ տեղ համաձայն եմ, որ կա հոգեբանական ազդեցություն: Բայց միայն հոգեբանությունը չէ պատճառը, քանի որ կան նաև այլ գործոններ: Մենք կարող ենք հաղթել Դանիային, պարտվել Չեխիային, իսկ Չեխիան զիջի Դանիային:
- Չեխիայի հավաքականի մարզիչը շեշտել էր նաև, որ ինքը որոշակի ճնշման տակ է: Այդ առումով ի՞նչ վիճակ է Հայաստանում:
- Ինչ-որ տեղ իրենց վրա ճնշումն ավելի մեծ է: Ես ավելի շատ մտածում եմ մեր հավաքականի մասին: Միակ ցանկությունս մրցավեճում լավ խաղ ցուցադրելը և հաղթելն է:
- Այսօր չեխական ԶԼՄ-ն նշել էր, որ եթե Չեխիան ցանկանում է հաղթել, ապա պետք է մի քանի անգամ դիտեն Դանիա-Հայաստան հանդիպման տեսագրությունը: Արդյոք Դուք փոխե՞լ եք մարտավարությունը:
- Խաղերը միմյանց նման չեն, և յուրաքանչյուր խաղի մենք ընտրում ենք այլ մարտավարություն:
- Լևոն Հայրապետյանը և Հրայր Մկոյանը որքանո՞վ են պատրաստ վաղվա խաղին:
- Նշեցի, որ բոլորը պատրաստ են, իսկ ինչ վերաբերում է ֆունկցիոնալ վիճակին, ապա պետք է կատարենք ընտրություն:
- Ընդլայնված ցուցակում ընդգրկված էին նաև Արտակ Դաշյանը և Վարդգես Սաթումյանը, սակայն նրանք դուրս մնացին հայտացուցակից: Ի՞նչ կարող եք ասել այդ խաղացողների վերաբերյալ:
- Պետք է իրենք հասկանան, որ մեր ուշադրության կենտրոնում են, պարզապես այս անգամ ընտրվեցին այս 23 խաղացողները:
- Միխալ Բիլեկին հարց էին ուղղել, թե ի՞նչ կլինի, եթե Չեխիան պարտվի, իսկ նա պատասխանել էր, որ իրենք պարտության մասին չեն մտածում: Ի՞նչ կլինի, եթե պարտվի Հայաստանը:
- Մենք էլ չենք մտածում պարտության մասին:
- Հավաքականի մի քանի խաղացողներ տեղափոխվել են Ղազախստան: Ի՞նչ կարծիք ունեք այդ կապակցությամբ:
- Առաջին հայացքից հասկանում եմ ձեր անհանգստությունը: Բայց ղազախական թիմերի վարկանիշը բարձրանում է, ունեն մեծ բյուջեներ: Երկու թիմեր մոտ էին Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում հայտնվելուն: Վատ բան չեմ տեսնում:
- Ինչպե՞ս եք գնահատում Չեխիայի հավաքականի ներուժը:
- Եթե նայենք վիճակագրությանը, ապա այն մեր օգտին չէ: Չեխիան լավ թիմ է, որն ապացուցեցին Հայաստանում: Բայց ես Երևանում նշել էի, որ այդ խաղն այնպիսի խաղ էր, որում հաղթելու էր այն թիմը, որն առաջինն էր գոլ խփելու: Շատ գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում Չեխիայի հավաքականը:
- Ձեր՝ «Ով առաջինը գոլ խփի, նա էլ կհաղթի» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք: Կբացատրե՞ք, թե ինչ եք ցանկանում դրանով ասել:
- Ես դա ասել եմ՝ հաշվի առնելով խաղի ընթացքը: Ժամանակակից ֆուտբոլում շատ բարակ է հաղթանակի և պարտության միջև եղած գիծը: Շատ փոքր բաներ ազդում են խաղի վրա: Հասարակ մի բան՝ երբ գոլ ես խփում, սկսում ես ավելի վստահ գործել, իսկ դիմացի թիմը հակառակը՝ սկսում է նյարդայնանալ, ավելի անհաջող գործել: Նույն՝ Դանիայի հետ խաղում մեր խփած արագ գոլը փոխեց խաղի ընթացքը, քանի որ դիմակայող թիմը փոխում է մարտավարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը